Եթե նվիրատվություն եք ստացել՝ ե՞րբ կարելի է այն վերացնել և ո՞ր դեպքերում է արգելված
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նվիրատվության պայմանագրով մի կողմը (նվիրատուն) մյուս կողմի (նվիրառուի) սեփականությանն անհատույց հանձնում է կամ պարտավորվում է հանձնել գույք կամ գույքային իրավունք, կամ ազատում է գույքային պարտավորությունից։ Սակայն շատերը չգիտեն, որ օրենքը սահմանում է հստակ արգելքներ, սահմանափակումներ և նվիրատվությունը վերացնելու հիմքեր։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-605-րդ հոդվածները սահմանում են նվիրատվության պայմանագրի կնքման կարգը, ձևը, արգելքները և վերացնելու հիմքերը։
Նվիրատվության պայմանագրի էությունը
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գույքի կամ իրավունքի հանդիպական հանձնման կամ հանդիպական պարտավորության առկայության դեպքում պայմանագիրը նվիրատվություն չի համարվում։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ իր ամբողջ գույքը կամ դրա մի մասը նվիրելու՝ առանց գույքի, իրավունքի կամ պարտականությունից ազատելու տեսքով նվիրատվության կոնկրետ առարկան նշելու խոստումը, առոչինչ է։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նվիրատուի մահից հետո նվիրառուին նվերի հանձնում նախատեսող պայմանագիրն առոչինչ է։
Նվիրատվության պայմանագրի ձևը
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 595-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նվիրատվության պայմանագիրը կնքվում է գրավոր։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 595-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 596-րդ հոդվածի համաձայն՝ անշարժ գույքի նվիրատվության պայմանագրով սեփականության իրավունքի փոխանցումը ենթակա է պետական գրանցման։
Նվերն ընդունելուց հրաժարվելը
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 597-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նվիրառուն իրավունք ունի մինչև նվերն իրեն հանձնելը ցանկացած պահի հրաժարվել դրանից։ Այդ դեպքում նվիրատվության պայմանագիրը համարվում է լուծված։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 597-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նվիրատուն իրավունք ունի նվիրառուից պահանջել հատուցելու նվերն ընդունելուց հրաժարվելու հետևանքով իրեն պատճառված իրական վնասը։
Նվիրատվությունն արգելելը
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 598-րդ հոդվածի համաձայն՝ արգելվում է՝
- մանկահասակների և անգործունակ ճանաչված քաղաքացիների անունից նրանց օրինական ներկայացուցիչների կատարած նվիրատվությունը,
- պետական, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողներին՝ նրանց պաշտոնեական դիրքի կամ ծառայողական պարտականությունների կատարման առնչությամբ նվիրատվությունը,
- առևտրային կազմակերպությունների միջև հարաբերություններում նվիրատվությունը։
Նվիրատվության սահմանափակումները
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 599-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքի նվիրատվությունը թույլատրվում է համատեղ սեփականության բոլոր մասնակիցների համաձայնությամբ՝ 198-րդ հոդվածով նախատեսված կանոնների պահպանմամբ։
Նվիրատվության պայմանագիրը կատարելուց հրաժարվելը
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 600-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նվիրատուն իրավունք ունի հրաժարվել ապագայում նվիրառուին գույք կամ իրավունք փոխանցելու կամ նվիրառուին գույքային պարտականությունից ազատելու խոստում պարունակող պայմանագիրը կատարելուց, եթե պայմանագիրը կնքելուց հետո նվիրատուի գույքային կամ ընտանեկան դրությունը կամ առողջական վիճակն այնքան է վատթարացել, որ նոր պայմաններում պայմանագրի կատարումը կառաջացնի նրա կենսամակարդակի էական իջեցում։
Նվիրատվությունը վերացնելը
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նվիրատուն իրավունք ունի վերացնել նվիրատվությունը, եթե նվիրառուն ոտնձգություն է կատարել նրա, նրա ընտանիքի անդամներից կամ մերձավոր ազգականներից որևէ մեկի կյանքի դեմ կամ նվիրատուին դիտավորյալ պատճառել է մարմնական վնասվածքներ։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե նվիրառուն կյանքից դիտավորյալ զրկում է նվիրատուին, ապա դատարանում նվիրատվությունը վերացնելու պահանջի իրավունք ունեն նվիրատուի ժառանգները։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նվիրատուն իրավունք ունի դատական կարգով պահանջել վերադարձնելու նվիրատվությունը, եթե նվիրառուի վերաբերմունքը նրան նվիրված գույքի նկատմամբ, որը նվիրատուի համար իրենից ոչ գույքային մեծ արժեք է ներկայացնում, դրա անդառնալի կորստի սպառնալիք է ստեղծում։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 601-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ նվիրատվության վերացման դեպքում նվիրառուն պարտավոր է վերադարձնել նվիրատուի նվիրած գույքը, եթե այն բնեղենով պահպանվել է նվիրատվության վերացման պահին։
Նվիրաբերություն
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նվիրաբերություն է ճանաչվում գույքի կամ իրավունքի նվիրատվությունը հանրօգուտ նպատակներով։ Նվիրաբերություններ կարող են արվել քաղաքացիներին, բուժական հիմնարկներին, սոցիալական պաշտպանության ու շուրջօրյա խնամք տրամադրող այլ հաստատություններին, բարեգործական, գիտական և ուսումնական հաստատություններին, հիմնադրամներին, թանգարաններին ու մշակույթի այլ հաստատություններին, հասարակական և կրոնական կազմակերպություններին, ինչպես նաև պետությանն ու համայնքներին։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նվիրաբերողի կողմից գույքի նվիրաբերությունը քաղաքացուն պետք է պայմանավորված լինի, իսկ իրավաբանական անձանց՝ կարող է պայմանավորված լինել այն որոշակի նշանակությամբ օգտագործելով։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե նվիրաբերություն ստացողը նվիրաբերած գույքն օգտագործել է նվիրաբերողի սահմանած նշանակությանն անհամապատասխան, ապա նվիրաբերողը, նրա ժառանգները կամ այլ իրավահաջորդն իրավունք ունեն պահանջել նվիրաբերության վերացում։
Ամփոփելով, պետք է նշել, որ նվիրատվության պայմանագիրը պետք է կնքվել գրավոր, իսկ անշարժ գույքի դեպքում՝ նոտարական վավերացմամբ և պետական գրանցմամբ։ Արգելվում է մանկահասակների անունից, պետական ծառայողներին և առևտրային կազմակերպությունների միջև նվիրատվությունը։ Նվիրատուն կարող է վերացնել նվիրատվությունը, եթե նվիրառուն ոտնձգություն է կատարել կյանքի դեմ, դիտավորյալ պատճառել է մարմնական վնասվածքներ կամ սպառնալիք է ստեղծում գույքի կորստի – տեղեկացնում է Iravaban.net-ը։
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել Iravaban.net-ին։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությանը։


