Բուհ ընդունվելու համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի
Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման դրված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։
Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծերի ընդունումը պայմանավորված է օրենքների կիրառման ընթացքում ի հայտ եկած խնդիրների կարգավորման անհրաժեշտությամբ։
Գործող կարգավորմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում գործող լիցենզավորված բուհերում կամ դրանց մասնաճյուղերում առաջին շրջափուլով ընդունվելու համար պարտադիր է «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից արտաքին գնահատման առնվազն «լավ» գնահատականին համարժեք գնահատականով վկայագրերի առկայությունը։
Այս պահանջի նպատակն էր երաշխավորել բուհ ընդունվողների՝ մայրենի լեզվի և մաթեմատիկայի իմացության բարձր մակարդակը՝ նպաստելով որակյալ կրթության ապահովմանը։
Սակայն, ըստ նախագծերի հիմնավորման, արտաքին գնահատման բարձր շեմը կարող է սահմանափակել հանրակրթական դպրոցի շրջանավարտների՝ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու հնարավորությունները և հանգեցնել բուհ ընդունվել ցանկացողների թվի նվազմանը։ Խնդիրը հատկապես արդիական է այն մասնագիտությունների դեպքում, որոնք ուղղակիորեն կապված չեն մաթեմատիկայի կամ լեզվաբանության հետ, օրինակ՝ սպորտի և արվեստի ուղղություններում։
Նախագծերի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների լիցենզավորման գործընթացում պետական մարմինների և որակի ապահովման մասնագիտացված կառույցի գործառույթների տարանջատման, ինչպես նաև գործող կարգավորումների հստակեցման անհրաժեշտությամբ։
Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծերի փաթեթով առաջարկվում է վերանայել բարձրագույն և մասնագիտական կրթության ոլորտներում լիցենզավորման գործընթացին վերաբերող կարգավորումները։
Մասնավորապես՝ որակի ապահովման մասնագիտացված կառույցի գործառույթը սահմանափակվելու է մասնագիտական փորձագիտական գնահատմամբ և եզրակացության տրամադրմամբ։ Լիցենզավորման վերաբերյալ որոշումները կկայացնի կրթության ոլորտի լիազոր մարմինը, իսկ լիցենզիայի պայմանների և պահանջների պահպանման նկատմամբ մշտադիտարկման իրավասությունը կփոխանցվի կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին։
Առաջարկվում է նաև վերացնել բուհերի ընդունելության համար «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից արտաքին գնահատման առնվազն «լավ» գնահատականի պարտադիր պահանջը։ Դրա փոխարեն բավարար կլինի նշված առարկաներից դրական գնահատականներով վկայագրերի առկայությունը։
Միաժամանակ նախատեսվում է, որ Կառավարությունը կհաստատի արտաքին գնահատման ընթացակարգն ու ընդունելության համար պահանջվող նվազագույն շեմերը, իսկ բուհերը դրանց հիման վրա կհաստատեն և կհրապարակեն ընդունելության մրցույթի կարգն ու չափանիշները։
Նախագծերով առաջարկվում է մինչև 2028 թվական հետաձգել նաև հանրային բուհերի ինստիտուցիոնալ ֆինանսավորման և լրիվ ու մասնակի բեռնվածությամբ ուսումնառության կազմակերպման կարգավորումների ներդրման ժամկետները։ Ըստ հիմնավորման՝ դա պայմանավորված է համապատասխան ենթաօրենսդրական ակտերի մշակման գործընթացով։
Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ապահովել որակի ապահովման մասնագիտացված կառույցի ինստիտուցիոնալ և գործառնական անկախությունը՝ Եվրոպական կրթական տարածքում գործող չափանիշներին համապատասխան։
Նախատեսվում է նաև հստակ տարանջատել կրթության ոլորտում պետական կառավարման լիազոր մարմնի, տեսչական մարմնի և մասնագիտացված կառույցի լիազորությունները՝ բացառելով դրանց կրկնությունն ու հնարավոր շահերի բախումը։
Միաժամանակ ակնկալվում է ընդլայնել բարձրագույն կրթության մատչելիությունը՝ վերանայելով բուհ ընդունվելու համար սահմանված արտաքին գնահատման պարտադիր շեմը։
Նախագծերի մշակողը
Նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։
Բյուջետային ազդեցությունը
Նախագծերի ընդունմամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների եկամուտներում և ծախսերում ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։


