Ինչպե՞ս քվեարկել, եթե անձնագրի ժամկետը լրացել է. պարզաբանում է ՆԳՆ-ն
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը պարզաբանել է, թե անձնագրի հետ կապված՝ ինչ հավանական սցենարներ կարող են լինել առաջիկա խորհրդանանական ընտրությունների ժամանակ ու որ դեպքում ինչ պետք է անել։
Անձնագրի ժամկետը լրացել է մինչև 6 ամսով
Ծառայության պետի փոխանցմամբ՝ այն քաղաքացիները, որոնց անձնագրի վավերականության ժամկետը լրացել է վերջերս և այդ ժամկետանց դառնալու պահից չի անցել 6 ամիս, կարող են առանց որևէ լրացուցիչ փաստաթղթի ներկայանալ ընտրատեղամաս։
«Առաջին պարագայում անձը կարող է մասնակցել ընտրություններին, նա պետք է գտնի իր անունը ցուցակներում, և միանգամից քվեարկության օրը ` հունիսի 7-ին, ժամկետանց անձնագրով կարող է միանգամից մոտենալ ընտրատեղամաս և իրացնել իր ընտրելու իրավունքը»,– ասել է նա։
Փաստաթղթի ժամկետը լրացել է 6 ամսից ավելի առաջ
Դավթյանը պարզաբանեց, որ այն դեպքերում, երբ անձը հաստատող փաստաթղթի ժամկետը սպառվել է ավելի քան կես տարի առաջ, քվեարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է անհապաղ դիմել անձնագրային բաժանմունք։ Նելլի Դավթյանը շեշտեց, որ նման քաղաքացիները պետք է նոր անձնագիր ստանան։
«Իսկ եթե դիմումը ներկայացրել է, սակայն մենք դեռևս չենք հասցրել անձնագիրը տպագրել և տրամադրել քաղաքացուն, ապա նրան տրամադրելու ենք հատուկ տեղեկանք, որով կարող է մասնակցել ընտրություններին»,– մանրամասնեց Դավթյանը։
Նոր քաղաքացիներ, ովքեր երբևէ չեն անձնագրավորվել
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետն առանձնացրեց նաև երրորդ խումբը, որը վերաբերում է ՀՀ քաղաքացիություն ստացած, բայց դեռևս առաջին անձնագիրը չստացած անձանց։ Նրանց համար, ըստ Նելլի Դավթյանի, փաստաթղթի առկայությունը պարտադիր պայման է։
Հիշեցնենք, որ ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։

