Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում․ «Հաղթանակ» զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի բաժիններում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ զբոսայգում ծառից կախված տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի բաժինների օպերատիվ խմբերը՝ ավագ համայնքային ոստիկանների գլխավորությամբԺամանել է նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են տղամարդու մահը։
Ահազանգով ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկի փրկարարները, ովքեր ծառից կախված մարմինը իջեցրել և պատգարակով մոտեցրել են դիատարին։
Այս պահին պարզվում է՝ տարածքը Արաբկիր, թե Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանում է, որպեսզի նշված վարչական շրջանի քննչական բաժին տեղեկությունը փոխանցվի և ժամանեն քննիչները։
Ոստիկանները պարզում են մահացածի ինքնությունը։
Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե սպանություն, պարզվում է։
Ծանուցում.Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


