Սեպտեմբերի 15-ին կրակոցներ են հնչել Երևանում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 00։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները Երևանի քաղաքապետարանի մոտ ծառայություն կատարելիս կրակոցի ձայներ են լսել։
Պարեկները շտապ մոտեցել են նշված վայր ու նկատել են Գրիգոր Լուսավորիչ և Բեյրութ փողոցների խաչմերուկում կայանված «Mercedes G 55» մակնիշի և «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաներ։ Վարորդները, նկատելով պարեկներին, դիմել են փախուստի: Պարեկները, վտանգելով իրենց կյանքը, հետապնդել են նրանց։
«Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, տեսնելով, որ չի կարողանում ճողոպրել պարեկներից, ավտոմեքենան թողել է Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դիմացի հատվածում և դուրս է գալիս մեքենայից ու փախել, մյուս մեքենային Արշակունյաց պողոտայում՝ ոսկերչական գործարանի մոտ, կարողացել են վնասազերծել։
Ոստիկաններն ու պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են կրակված 1 պարկուճ ու մինչ դեպքի վայրում հետախուզական աշխատանքներ են կատարվել, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ԳՈՒՎ, ալկոհոլային հարբածություն, հրազենային վնասվածք, գլխի պատռված վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 30-ամյա Տիգրան Ասրյանն է, ով անմիջական առնչություն է ունեցել «յաշիկի» և «Toyota Camry»-ի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին և հենց այդտեղ էլ վնասվածքներ է ստացել։
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են նաև, որ Ժամը 00։05-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ և Բեյրութ փողոցների խաչմերուկում «Toyota Camry»-ի և «Mercedes G 55»-ի վարորդների միջև միմյանց չզիջելու համար առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում «Toyota Camry»-ի վարորդ՝ Երևանի բնակիչ 21-ամյա Դավիթ Մադաթյանը դուրս է եկել ավտոմեքենայից և շարունակել վիճաբանել «Mercedes G 55»-ի վարորդ, Երևանի բնակիչ 28-ամյա Հովհաննես Ասատրյանի և վերջինի ուղևոր, «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխված Տ․ Ասրյանի հետ, ապա վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի։ Վերջիններս միմյանց հասցրել են հարվածներ, որի ժամանակ էլ գազային ատրճանակից կրակոցներ են հնչել։
Կարճ ժամանակ անց Արշակունյաց 16 հասցեի մոտից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով Երևանի գնդի պարեկները ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 30-ամյա Ավետիք Հակոբյանին, իսկ Տ․ Ասրյանը հիվանդանոցում վերցվել է ոստիկանների հսկողության տակ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք։