««Women’s Club»-ն ինձ համար անհասկանալի էր, նույնիսկ չէի հասկանում դա ինչ է: Իրենք երկար ինձ համոզեցին, մինչև ասացի՝ լավ կփորձեմ»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Անահիտ Ղուկասյանն ու պատմեց, թե ինչպես է համաձայնվել մասնակցել իր համար անսովոր նախագծին:
Ավելորդ լեքսիկոն չեմ օգտագործում
Ինձ համար մի քիչ տարօրինակ էր այդ ֆորմատը: Ես պրոֆեսիոնալ դերասանուհի եմ, իսկ КВН-ի ֆորմատը մի քիչ այլ է: Բայց ասացի՝ լավ, կփորձեմ: Նախ պայման դրեցի, որ ոչ մի դեպքում, ոչ մի ավելորդ լեքսիկոն չեմ օգտագործելու, ոչ հայեցի բառեր չեմ ասելու: Դա ինձ համար շատ կարևոր է, որովհետև ազգը առաջին հերթին իր լեզվով և հավատքով է մնում որպես ազգ: Եվ այդ ծամածռություններն, իմ կարծիքով, շեղում են մեր ազգին: Դրա համար, ես պայմանավորվեցի, և այդպես էլ անում եմ, ոչ մի ավելորդ խոսք չեմ ասում եթերում, միշտ գրական լեզվով եմ խոսում, ավելորդ բառ ինձ թույլ չեմ տալիս: Ինձ համար շատ կարևոր է իմ լեզուն և ազգը:
Մտածում էի, որ չեմ համակերպվի…
Երիտասարդների հետ շատ հաճույքով եմ աշխատում, բոլորը պրոֆեսիոնալ մարդիկ են, շատ շնորհքով ու հետաքրքիր մարդիկ են, նաև շատ բարի: Այնքան լավ մթնոլորտ է այդ կոլեկտիվում, ոչ մի անգամ չեմ նեղվել: Սկզբում մի քիչ տարօրինակ էի ինձ զգում, այնուամենայնիվ տարիքով նրանցից շատ մեծ եմ, նրանք երեխաներ են ինձ համար:
Մտածում էի, որ երևի չեմ համակերպվի, բայց այնքան բարի ու ջերմ միջավայր է, որ ես ինձ լավ եմ զգում: Չեմ զղջում, որ մասնակցեցի նախագծին: Արդեն 3 ամիս է սիրով մասնակցում եմ: Երիտասարդնեն էլ շատ պատրաստակամ փորձ են անում, որովհետև դա ևս իմ պայմանն էր: Առանց փորձի չի կարելի դուրս գալ հանդիսատեսի առաջ:
ինչո՞ւ են որոշել, որ անպայման փողոցային կատակը կարող է ոգևորել ժողովրդին
Առայժմ ոչ ամեն ինչ է նախագծում ինձ գրավում: Ցածր հումորն ինձ դուր չի գալիս: Հիմա տարածված է ասել, ժողովուրդը չի հասկանում ուրիշ կատակ: Չեմ հասկանում, ինչպե՞ս իմ ժողովուրդը, որ դարեր շարունակ կիրթ է եղել, ի՞նչ պատահեց, ինչո՞ւ միանգամից դարձան քարանձավի մարդիկ, միայն փողոցային լեզուն են հասկանում: Ո՞նց կարող է այդպես լինել: Ինձ թվում է՝ կամաց-կամաց կարելի է այդ ժողովրդին, որ գալիս է ակումբ ժամանակ անցկացնելու, լավ կատակ մատուցել, ճիշտ լեզվով: Ես ուշադիր եմ և բավական բաներ շտկվել է: Իհարկե, դեռ շատ բան կա շտկելու, բայց դա միայն ինձանից չի կախված: Դա նաև սցենարիստի գործն է: Սցենարիստը Չարենցն է, նա նաև ելույթ է ունենում ու բավական կիրթ է խոսում, ոչ մի ավելորդ բան իրեն թույլ չի տալիս, կոռեկտ է, չափի մեջ, և ժողովուրդն ընկալում ու ծիծաղում: Ես չեմ հասկանում, ինչո՞ւ են որոշել, որ անպայման փողոցային կատակը կարող է ոգևորել ժողովրդին: Լավ կատակն էլ են հասկանում և կամաց-կամաց պետք է ժողովրդի մակարդակը բարձրացնել: