«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 19-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և պետական կառույցները կազմակերպել էին քննարկում անհետ կորածների և բռնի անհետացածների ծնողների մասնակցությամբ՝ քննարկելու անելիքները: Առաջարկ է հնչել հանդիպելու, երկխոսելու Ադրբեջանում անհետ կորածների հարազատների հետ:
Օրաթերթին անհետ կորածների մի քանի ծնողներ դժգոհեցին, որ նախ բոլորը չէ, որ տեղյակ են եղել նման միջոցառման մասին, բացի այդ, թույլատրվել է այդ միջոցառմանը մասնակցել միայն իշխանությունների նկատմամբ լոյալ վերաբերմունք ունեցողներին: Ամեն դեպքում, մի շարք ծնողներ աբսուրդ են համարում միջոցառման ժամանակ հնչած մտքերն ու ամենևին համաձայն չեն առաջարկության հետ:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի 9-րդ կետով կողմերը պարտավորվում են համագործակցել և փոխանակել ողջ տեղեկատվությունը անհայտ կորած և բռնի անհետացած անձանց ճակատագրերը պարզելու համար։ Սա հիմք ընդունելով՝ առաջարկվել է երկխոսություն սկսել ադրբեջանցի անհետ կորածների ծնողների հետ: Հանդիպմանը մասնակցած Գոռ Մուրադյանը՝ «Անհայտ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիայի» նախագահը, որը անհետ կորածի հորեղբայր է, ծնողներից Սասուն Բադոյանը և Ասյա Դանիելյանը, ըստ մի քանի ծնողների, հնարավոր է՝ տեղում համաձայնել են նման երկխոսություն ծավալելուն, միայն թե մի հույս ծնվի, որ անհետ կորածներից որևէ մեկը կգտնվի:
Սակայն 6 տարի իրենց երեխաներին փնտրող ծնողների մեծ մասը օրաթերթի հետ զրույցում կտրուկ են արտահայտվել և դժգոհեել են, որ դա աբսուրդ է. «Գնանք Բաքու, հանդիպենք անհետ կորածների ծնողներին, որ ինչ անենք: Ասում են՝ դե դուք ՀՀ-ում կճնշեք իշխանություններին, իրենք էլ թող Ադրբեջանում ճնշեն իշխանություններին, որ գտնեն կորածներին: Բայց սա անլուրջ է»:
Հիշեցնենք, որ արցախյան երկու պատերազմներից հետո հայկական կողմն ունի մոտ 1000 անհայտ կորած, որոնցից մոտ 200-ը՝ վերջին՝ 2020 թվականի պատերազմից


