Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին
«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը դատարան է դիմել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պահանջելով հերքել զրպարտությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել Կարապետյանի փաստաբանական թիմը։
Դատական հայցի առիթը նոյեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանի արած հայտարարությունն է, թե Կարապետյանը պետական բյուջեից 9 միլիարդ դրամ է գողացել և յուրացրել։ Կարապետյանի փաստաբաններն այս պնդումը զրպարտություն են համարում և դատարանից պահանջում են պարտավորեցնել վարչապետին հրապարակային հերքել իր խոսքերը, ինչպես նաև հօգուտ Կարապետյանի բռնագանձել 6 միլիոն դրամ՝ որպես փոխհատուցում, և հոգալ դատական ծախսերը։
Հիշեցնենք, որ սա Կարապետյանի և Փաշինյանի միջև արդեն չորրորդ դատական վեճն է։ Մինչ այս 2026 թվականի մայիսին վարչապետը երկու հայց էր ներկայացրել Կարապետյանի դեմ՝ մայիսի 7-ին «հալյուցինացիաներ առաջացնող սնկերի» և մայիսի 25-ին Կանադայում տուն ունենալու մասին հայտարարությունների համար՝ երկու դեպքում էլ պահանջելով հերքում և 6-ական միլիոն դրամ։ Իսկ սեպտեմբերին արդեն Կարապետյանն էր դատի տվել Փաշինյանին՝ պահանջելով ներողություն և 3 միլիոն դրամ փոխհատուցում մայիսի 29-ի այն հայտարարության համար, որով վարչապետը նշել էր, թե դատարանում «սունկ է կերցնելու» Կարապետյանին։


