Նարեկ Կարապետյանն ուղերձով դիմել է հանրությանը
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ուղերձով անդրադարձել է Սահմանադրության նախագծին՝ քննադատելով գործող կառավարությանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Կարապետյանը հայտարարել է, որ ներկայացված սահմանադրական փոփոխությունները բխում են Բաքվի պահանջներից, և փորձել է հերքել այն պնդումները, թե փոփոխություններից հրաժարվելը կարող է նոր էսկալացիայի պատճառ դառնալ։
«Կառավարության ղեկավարը ներկայացրեց Ալիևի առաջարկած սահմանադրական փոփոխությունը։ Ուզում եմ փարատել պատերազմ սկսվելու մտավախությունը․ սահմանադրության պատճառով ոչ մի պատերազմ չի սկսվել»,- ընդգծել է պատգամավորը։
Անդրադառնալով խորհրդարանում տեղի ունեցած քննարկումներին՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը վարչապետին մեղադրել է հանրությանը մոլորեցնելու մեջ․
«Ինչո՞ւ Ազգային ժողովում մեզ հետ բանավեճի ժամանակ Փաշինյանն ասաց․ «Ես կգնամ, կբանակցեմ, որ սա լինի մեր վերջին զիջումը»։ Դրանով իսկ ապացուցեց, որ նա բանակցելու էր Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը, ու այսօր, նայելով ձեր աչքերին, նա սուտ ասաց առանց վարանելու»,- հայտարարել է Նարեկ Կարապետյանը։
https://www.youtube.com/live/KPClpoBNaMg?si=quNJjQfHyflZoGw2


