Նոր շենքեր, ավելի շատ բնակիչներ և խցանված փողոցներ․ Երևանը կանգնած է լուրջ խնդրի առաջ
Խցանումների խնդիրը Երևանում կարելի է լուծել միայն համալիր մոտեցման և մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի զարգացման լավ մտածված ռազմավարության դեպքում։ Լոկալ միջոցառումները երկարաժամկետ արդյունքներ չեն տա, ArmeniaSputnik–ի հետ զրույցում ասել է «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Սիրեկան Օհանյանը։
«Պետք է կառուցվեն շրջանցիկ ճանապարհներ, բազմամակարդակ հանգույցներ, պետք է զարգանա մետրոն, վերանայվի երթևեկության կազմակերպումը և աշխատատեղեր ստեղծվեն մարզերում։
Առաջին հերթին անհրաժեշտ է թեթևացնել Երևանի կենտրոնի բեռնվածությունը, կարգավորել երթևեկությունը, լուծել կայանատեղիների խնդիրը։
Անհրաժեշտ է մայրաքաղաքի կենտրոնը շրջանցող տարանցիկ ճանապարհներ կառուցել, որպեսզի, օրինակ, Նոր Նորքից օդանավակայան ուղևորվող վարորդները ստիպված չլինեն անցնել Հանրապետության հրապարակով կամ Մաշտոցի պողոտայով»,- պնդել է «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի նախկին տնօրենը։
Օհանյանը նշել է, որ անցյալ տարի 360 շենքի շինթույլտվությունների տրամադրումը քաղաքում ևս մոտ 150,000 բնակչի ավելացում է ենթադրում։ Նոր շինարարությունը, մասնավորապես բազմահարկ բնակելի շենքերի կառուցումը, մեծացնում է քաղաքի ենթակառուցվածքների վրա ծանրաբեռնվածությունը։
Բացի այդ, մեծածավալ բարձրահարկ շենքերի կառուցում է իրականացվում նաև Երևանին հարող բնակավայրերում՝ Պտղնի, Աշտարակ, Արտաշատ, ինչպես նաև այլ քաղաքներում ու գյուղերում։
Ֆորմալ առումով այդ տարածքները մայրաքաղաքի վարչական սահմաններում չեն, սակայն այնտեղ ապրողները փաստացիորեն օգտագործում են Երևանի ենթակառուցվածքները և ամեն օր աշխատանքի են գալիս քաղաք։
«Քաղաքը տարողունակության որոշակի սահման ունի», – ընդգծել է Օհանյանը։
Տրանսպորտային համակարգի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն են ստեղծում ձգձգված և անորակ կատարված ճանապարհային աշխատանքները, խողովակների սխալ փոխարինումը։ Դրա պատճառով փողոցները փակ են մնում ավելի երկար, քան անհրաժեշտ է, ինչն էլ ավելի է դժվարացնում երթևեկությունը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում․


