Երևանի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել է․ «Գազպրոմ Արմենիա»-ն պարզաբանում է
AuroraNews.am-ն այսօր ահազանգ է ստացել ռադիոլսողներից, որ Երևանի Նոր Նորքի 2-րդ զանգվածում գիշերը՝ ժամը 02։00-ի սահմաններում, տեղի է ունեցել գազամատակարարման վթարային անջատում։
Դեպքի առնչությամբ AuroraNews.am-ը պարզաբանում է ստացել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից։
Ընկերությունից հայտնել են, որ պահարանային գազի կարգավորիչ կետերի (ՊԳԿԿ) աշխատանքի խափանման հետևանքով նոյեմբերի 10-ին՝ ժամը 00։30-ից, դադարեցվել է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի մի շարք հասցեների գազամատակարարումը։
Մասնավորապես, գազամատակարարումն ընդհատվել է Դ. Մալյան փողոցի, Դ. Մալյան նրբանցքի և Թոթովենցի փողոցի բազմաբնակարան շենքերում, առանձնատներում, ինչպես նաև հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպություններում։
Գազամատակարարումը մասնակիորեն դադարեցվել է նաև Մոլդովական փողոցի բազմաբնակարան շենքերում, առանձնատներում և հարակից հանրային կազմակերպություններում։
«Գազպրոմ Արմենիա»-ից տեղեկացրել են, որ ներկայում իրականացվում են վթարավերականգնողական և կարգաբերման աշխատանքներ։ Գազամատակարարումը կվերականգնվի աշխատանքների ավարտից հետո։


