Լուսադեմին է վատացել, շտապ օգնություն են կանչել․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մասին
Արդեն հայտնել ենք, որ այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հանկարծամահ է եղել «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։
Մեր տեղեկություններով՝ նրա ինքնազգացողությունը վատացել է լուսադեմին, խցակիցները նկատել են, որ լավ չի զգում։ «Երբ ինքնազգացողությունը վատացել է, խցակիցները տեղեկացրել են այդ մասին ՔԿՀ աշխատակիցներից մեկին։ Դրանից հետո արդեն շտապ օգնություն է կանչվել։ Շտապօգնության հասնելուց հետո արձանագրվել է Գևորգյանի մահը»,- փոխանցեց Արդարադատության նախարարության մեր աղբյուրը։
Նա վտահեցրեց, որ մինչ այդ պահը Գևորգյանը ոչ մի անգամ չի բողոքել առողջական վիճակից։
Նշենք, որ քիչ անց ՔԿՀ-ն պաշտոնական հաղորդագրություն կտարածի՝ մանրամասնելով, թե ինչ է տեղի ունեցել։


