Դոմոդեդովոյի կենտրոնական հիվանդանոց է հոսպիտալացվել 38-ամյա մի տղամարդ, որի մոտ լաբորատոր հետազոտությամբ հաստատվել է կապիկի ծաղիկ։ Սա վերջին մեկ ամսվա ընթացքում բուժհաստատությունում հայտնաբերված հիվանդության երրորդ դեպքն է և վերջին երկու տարվա ընթացքում՝ ութերորդը, հայտնել են հիվանդանոցի մամուլի ծառայությունից։ Հիվանդն ընդունվել է բնորոշ ախտանշաններով՝ տենդով, մաշկային ցանով և ավշահանգույցների մեծացմամբ։ Նրա վիճակը գնահատվում է բավարար։ Ռոսպոտրեբնադզորի մասնագետները համաճարակաբանական հետաքննություն են անցկացնում՝ վարակի աղբյուրն ու շփում ունեցած անձանց հայտնաբերելու նպատակով։ Դոմոդեդովոյի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Անդրեյ Օսիպովը հայտարարել է, որ մյուս հիվանդների և բուժանձնակազմի համար վտանգ չկա։
Հոկտեմբերի 8-ին բուժհաստատությունում բուժել են կապիկի ծաղիկով հիվանդ 27-ամյա մի տղամարդու։ Նա պատմել է,որ արտերկիր չի մեկնել և վարակվել է Ռուսաստանի տարածքում։ Թե կոնկրետ որտեղ և ինչ հանգամանքներում՝ հայտնի չէ։ Հոկտեմբերի 15-ին հայտնի է դարձել ևս մեկ վարակված անձի հետ շփում ունեցած հինգ մարդու հոսպիտալացման մասին։ Նրանց մոտ ախտորոշումը չի հաստատվել։ Կապիկի ծաղիկը վիրուսային հիվանդություն է, որը կարող է փոխանցվել վարակված մարդու հետ սերտ շփման կամ վարակված առարկաների միջոցով։ Ռուսաստանում այն հազվադեպ է հանդիպում, դեպքերի մեծ մասը բերովի է։ Վարակի տարածման հիմնական տարածաշրջանն Աֆրիկան է։
Հոկտեմբերի 16-ին կապիկի ծաղիկով վարակը հաստատվել է Սանկտ Պետերբուրգում ավելի վաղ վարակի կասկածով հոսպիտալացված հինգ մարդու մոտ։ Բոտկինի անվան կլինիկական ինֆեկցիոն հիվանդանոցից հայտնել էին, որ հիվանդների վիճակը թեթև և միջին ծանրության է։
Հիվանդությունը սկսվում է բարձր ջերմությամբ, գլխացավով, մկանացավերով և ավշահանգույցների մեծացմամբ, այնուհետև ցան է առաջանում։ Գաղտնի շրջանը, որպես կանոն, տևում է մեկից երկու շաբաթ։


