Ռուսաստանի կառավարությունը երեք ամիս ժամկետով ժամանակավոր արգելք է սահմանել նավթաքիմիական արտադրանքի որոշ տեսակների արտահանման նկատմամբ Եվրասիական տնտեսական միության սահմաններից դուրս։ Այս մասին հայտնել են կառավարության մամուլի ծառայությունից։ Այս մասին փոխանցում է «Վեդոմոստի» պարբերականը։
Գերատեսչությունից պարզաբանել են, որ սահմանափակումը տարածվում է քարածխային և նավթային բենզոլի, տոլուոլի, օրթոքսիլոլի, պարաքսիլոլի և ֆենոլի վրա։ Այս նյութերն օգտագործվում են ավտոմոբիլային, ավիացիոն, նավաշինական և երկաթուղային արդյունաբերության համար նախատեսված ներկերի ու լաքերի, սննդամթերքի փաթեթավորման նյութերի, հատակի ծածկույթների, մալուխային արտադրանքի մեկուսիչ նյութերի արտադրության, ինչպես նաև բժշկական ոլորտում։
Ինչպես պարզաբանել են կառավարությունում, միջոցառման նպատակն է ապահովել ռուսական արդյունաբերական ձեռնարկությունների կայուն մատակարարումն անհրաժեշտ հումքով։
Միևնույն ժամանակ, արգելքը չի տարածվում միջազգային տարանցիկ փոխադրումների շրջանակում արտադրանքի արտահանման և միջազգային մարդասիրական օգնության գծով մատակարարումների վրա։
Հոկտեմբերի 31-ին կառավարությունը մինչև 2027 թվականի հունվարի 31-ը երկարաձգել է արտադրողների կողմից Ռուսաստանի տարածքից արտահանվող դիզելային և նավային վառելիքի, ինչպես նաև գազոյլերի արտահանման արգելքը։ Ռուսաստանում վառելիքի արտահանման ընդհանուր արգելքը գործում է մինչև 2027 թվականի հունվարի 31 -ը, մինչդեռ դիզելային և նավային վառելիքի, ինչպես նաև գազոյլերի անմիջական արտադրողների համար սահմանափակումը նախկինում սահմանվել էր մինչև 2026 թվականի հոկտեմբերի 31։
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտնել էր դիզելային վառելիքի արտահանման արգելքի նախատեսվող երկարաձգման մասին։ Նա նշել էր, որ միևնույն ժամանակ համաշխարհային շուկաներ իրականացվող առանձին մատակարարումների համար բացառությունները կպահպանվեն։


