Ռուսաստանում «վտանգավոր վարակի» շուրջ իրավիճակը թեժանում է․ Թրամփն արձագանքել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Ռուսաստանում ժանտախտի հայտնաբերման մասին հաղորդագրությունները՝ նշելով, որ Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել Ռուսաստանին։
«Ավելի վաղ մենք կարող էինք վերահսկել այդ հիվանդությունը։ Բայց ինչ-ինչ պատճառով այս մանրէներն ավելի ուժեղ և խելացի են դարձել։ Նրանք բանակի պես են։ Մենք կօգնենք Ռուսաստանին»,– ասել է Թրամփը։
Հիշեցնենք՝ AuroraNews.am-ը դեռ օրեր առաջ անդրադարձել էր Իրկուտսկում ստեղծված իրավիճակին։ Հոկտեմբերի 2-ին հայտնել էինք, որ հակաժանտախտային ինստիտուտի 28-ամյա աշխատակցուհու մահից հետո հարյուրավոր մարդիկ մեկուսացվել են։ Կնոջ մահվան պատճառի վերաբերյալ պաշտոնական հստակ տեղեկություն չէր հրապարակվել, սակայն հաղորդվում էր, որ նրա մոտ ախտորոշվել է «անհասկանալի ծագման թոքաբորբ»։
Ավելի ուշ հայտնի դարձավ ևս մեկ զարգացում։ Շելեխովում գտնվող Իրկուտսկի ալյումինի գործարանում դիմակային ռեժիմ սահմանվեց՝ «հատկապես վտանգավոր վարակի» կասկածի ֆոնին։
Հիշեցնենք` Իրկուտսկում կարանտինային միջոցառումներն ընդլայնվել են։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ կարանտին է սահմանվել քաղաքի թիվ 1, 3 և 10 կլինիկական հիվանդանոցներում, ինչպես նաև ծննդատանն ու Իվանո-Մատրյոնինյան մանկական կլինիկական հիվանդանոցում։


