Հայաստանում գազը էժան չէ. սահմանից մինչև սպառողին հասնելու ճանապարհին, այլ երկրների համեմատությամբ, գնագոյացման ամենամեծ հավելաճը գրանցվում է հենց Հայաստանում: Այս մասին շեշտել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը շահույթաբեր է:
«Այն մեծ շահույթներ է ստանում։ Եվ սա էլ է փաստ, որը պետք է արձանագրել։ Չկա այնպիսի ոլորտ, որ չենք գնալու դիվերսիֆիկացիայի ճանապարհով։ Մենք մեր անկախությունը զարգացնելու ենք, մեր պետականությունը զարգացնելու ենք»,- ընդգծել է վարչապետը։
Կառավարության ղեկավարի փոխանցմամբ՝ գազի գնի բարձրացման դեպքում իրենք կձեռնարկեն համապատասխան քայլեր. «Եթե նման իրավիճակներ լինի թանկացնելու, մենք էլ կնայենք՝ ինչ կարելի է թանկացնել, կամ ինչ կա, որ մինչև հիմա ձրի է, դրանից հետո համամասնորեն կարող է գին առաջանա, օրինակ»,- հավելել է ՀՀ վարչապետը։
Նա նաև նշել է, որ այլ աղբյուրից գազ ներկրելու հնարավորության պարագայում ընտրելու են այդ ուղին:


