Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ իրավապահ համակարգը վաղուց պետք է զբաղվեր ՔՊ-ական նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանով։
Անդրադառնալով նախկին գործընկերոջ այն պնդումներին, թե առցանց խաղատների վերաբերյալ իր ներկայացրած օրինագիծը խորհրդարանում չի քննարկվել Ալեն Սիմոնյանի հրահանգով՝ ԱԽ քարտուղարը նշել է. «ԱԺ բերված որևիցե օրինագծի մասով քննարկման չեմ մասնակցել, որևիցե կարծիք չեմ հայտնել, բովանդակություն չեմ քննարկել, չեմ առնչվել, չեմ կարդացել, այլ կերպ չեմ քննարկել։ Կրկնում եմ՝ այդ ամենը, ինչի մասին ասում է, դրանով պարտավոր են զբաղվել իրավապահները»։
Հիշեցնենք, որ օրերս տված հարցազրույցում Հայկ Սարգսյանը մի շարք ուշագրավ հայտարարություններ էր արել Ալեն Սիմոնյանի հասցեին։
Ըստ Սարգսյանի՝ Ալեն Սիմոնյանի հետ առաջին լուրջ տարաձայնությունը ծագել է խաղամոլության և բուքմեյքերական գործունեության դեմ ուղղված օրենսդրական նախաձեռնությունների շուրջ։ Նա պնդել էր, որ Սիմոնյանը փորձել է խոչընդոտներ ստեղծել նախագծի համար և վարչապետին սխալ տեղեկություններ է փոխանցել իր դիրքորոշման վերաբերյալ։


