Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ երկիրը շարունակելու է լրացուցիչ ջանքեր գործադրել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ու ամրապնդման ուղղությամբ։
«Մենք սովորում ենք ապրել խաղաղության պայմաններում և շարժվում ենք այդ ուղղությամբ։ Մենք հասկացանք, որ խաղաղության մեջ ապրելն այնքան մեծ զգացողություն է, որ անհնար է բառերով արտահայտել: Խաղաղությունը սկսվում է նաև տեղում վերականգնողական աշխատանքներից։ Խաղաղությունը միայն առճակատման բացակայությունը չէ։ Խաղաղությունը նաև խաղաղաշինություն է, վստահության ձևավորում՝ վերակառուցման և վերականգնման գործընթացում:
Ուրախ եմ նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին հանդիպումն անցավ շատ կառուցողական մթնոլորտում։ Երկու կողմերը պայմանավորվել են երկկողմ փոխգործակցություն սկսել՝ խաղաղ օրակարգի հետագա առաջխաղացման, երկու երկրների միջև վստահության ամրապնդման, ինչպես նաև առևտրային կապերի, այդ թվում՝ տրանսպորտային փոխկապակցվածության զարգացման նպատակով», – նշել է Հիքմեթ Հաջիևը։
Նա նաև գոհունակություն է հայտնել եռակողմ հայեցակարգի զարգացման հարցում դրական նշանների առկայության կապակցությամբ և շնորհակալություն հայտնել ամերիկացի գործընկերներինք՝ այդ նախագծի իրականացմանն իրենց լիակատար հանձնառության համար։


