Ձմերուկի կեղևը նույնպես օգտակար է․ նոր բացահայտում, որը կզարմացնի ձեզ
Ձմերուկի կեղևն առաջին անգամ ստացել է սննդային արժեքի պաշտոնական պրոֆիլ՝ ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության USDA FoodData Central տվյալների բազայում։ Ինչպես հայտնում է Medical Xpress-ը, նոր տվյալները հնարավորություն կտան սննդաբաններին, հետազոտողներին և բաղադրատոմսեր մշակողներին ավելի ճշգրիտ գնահատել ձմերուկի կեղևի սննդային արժեքը։
USDA-ի տվյալների համաձայն՝ 50 գրամ հում և կտրատված ձմերուկի կեղևը պարունակում է ընդամենը մոտ 10 կալորիա, շուրջ 1 գրամ սննդային մանրաթել, 140 մգ կալիում և 4 մգ վիտամին C։
Մասնագետների խոսքով՝ ձմերուկի կեղևը չի կարող փոխարինել պտղի սննդարար միջուկին, սակայն այն կարող է լրացնել սննդակարգը և միաժամանակ նպաստել սննդային թափոնների նվազեցմանը։
Կեղևը հնարավոր է օգտագործել տարբեր ձևերով՝ ավելացնել սմուզիներին և հյութերին, ներառել աղցանների մեջ, թթու դնել կամ օգտագործել բանջարեղենային ուտեստների պատրաստման ժամանակ։
ԱՄՆ Ձմերուկի խթանման ազգային խորհրդի ներկայացուցիչները նշում են, որ USDA-ի նոր տվյալները կարող են օգնել սննդաբաններին ավելի վստահորեն ներառել ձմերուկի կեղևը սննդակարգի վերաբերյալ խորհուրդներում և բաղադրատոմսերում՝ հնարավորություն տալով օգտագործել պտղի ավելի մեծ մասը։
Ավելի վաղ կատարված ուսումնասիրություններն արդեն ցույց էին տվել, որ ձմերուկի օգտագործումը կարող է կապված լինել ավելի որակյալ սննդակարգի հետ։ Ամերիկյան NHANES հետազոտության տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ ձմերուկ օգտագործող մարդիկ միջինում ավելի շատ մանրաթել, մագնեզիում, կալիում, A և C վիտամիններ, լիկոպին և այլ կարոտինոիդներ են ստանում, քան այն մարդիկ, որոնք ձմերուկ չեն օգտագործում։
Միևնույն ժամանակ, հետազոտողները նշում են, որ այս արդյունքները տարբեր խմբերի համար ամբողջությամբ հաստատելու նպատակով անհրաժեշտ են լրացուցիչ ուսումնասիրություններ։


