Հունիսի 28-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում մարզերից մեկի բնակիչ 20-ամյա Աննա Ս․-ն ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարաշի բաժին է հայտնել, որ հունիսի 14-ին, Քաջազնունի 9 Ա հասցեում գործող «SAS» սուպերմարկետում եղել է աշխատանքի, որտեղ իրեն է մոտեցել նույն սուպերմարկետի մենեջեր Էմման և «ֆեյսայդիով» իրեն նկարել և իր ասելով պետք է ուղարկի գրասենյակ, սակայն հունիսի 28-ին հաղորդագրությամբ տեղեկացել է, որ խաբեությամբ և իր վստահությունը չարաշահելու եղանակով իր անունով «VTB» բանկով օնլայն վարկ են ձևակերպել, հաղորդում է Shamshyan.com–ը։
Ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված խանութի մենեջեր Էմման Գեղարքունիքի մարզի բնակիչ 36-ամյա Էմմա Պ․-ն է, և ձեռնարկում են միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Կայքի տեղեկություններով Աննա Ս․-ն աշխատում է «SAS» սուպերմարկետում՝ որպես բաժնի պատասխանատու, իսկ Էմմա Պ․-ն՝ որպես մենեջեր։


