Մոսկվայի բոլոր օդանավակայանները փակ են
Նոյեմբերի 16-ի երեկոյան Մոսկվայի ուղղությամբ արձակվել է 157 անօդաչու թռչող սարք, որոնք խոցվել են հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ուժերի կողմից։ Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Շարունակվող հարձակման ֆոնին անվտանգության նկատառումներով փակվել են մայրաքաղաքի չորս գլխավոր օդանավակայանները՝ «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Շերեմետևո» և «Ժուկովսկի»։ Օդային հանգույցներում ստեղծված իրավիճակի պատճառով հետաձգվել կամ չեղարկվել է շուրջ 100 չվերթ։
Քաղաքապետ Սոբյանինի փոխանցմամբ՝ անօդաչուների խոցման մասին առաջին տեղեկությունը հրապարակվել է երեկոյան ժամը 20:11-ին։ Երեք ժամվա ընթացքում քաղաքապետը ութ անգամ հայտնել է նոր հարձակումների հետմղման մասին՝ հասցնելով խոցված դրոնների ընդհանուր թիվը 157-ի։ Մասնագետների խմբերն աշխատում են բեկորների ընկնելու վայրերում:
Ռոսավիացիան ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել ինքնաթիռների ընդունման և թողարկման հարցում։ Երեկոյան ընթացքում օդանավակայանների աշխատանքային ռեժիմը պարբերաբար փոխվել է․ սահմանափակումները հանվել են, ապա կրկին կիրառվել, մինչև որ վերջնականապես փակվել են բոլոր չորս օդանավակայանները։
Առցանց չվացուցակների տվյալներով՝ «Վնուկովոյում», «Դոմոդեդովովում» և «Շերեմետևովոյում» նկատվում են թռիչքների և ժամանումների լուրջ ուշացումներ, ինչի հետևանքով ուղևորները ստիպված են երկար սպասել օդանավակայաններում։ Մերձմոսկվայում հայտարարվել էր անօդաչուների վտանգի մասին, իսկ տեղական ինքնակառավարման մարմինները բնակիչներին հորդորել էին պահպանել անվտանգության կանոնները և համացանցում չհրապարակել ՀՕՊ աշխատանքը պատկերող կադրեր։
Նշենք, որ սա վերջին օրերի միակ նման մասշտաբի հարձակումը չէ․ նոյեմբերի 15-ին ևս Մոսկվայի մարզի ուղղությամբ հարյուրավոր ԱԹՍ-ներ էին արձակվել, որոնց մեծ մասը չեզոքացվել էր, ինչը նույնպես հանգեցրել էր չվերթների ժամանակավոր սահմանափակումների։


