Ռուսաստանում ձերբակալվել է նախկին զինծառայող Ալեքսանդր Լունինը, որը օրեր առաջ հրապարակված տեսաուղերձում դիմել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հնչեցնելով կոշտ հայտարարություններ և սպառնալիքներ։
Լունինի հրապարակած տեսանյութը 24 ժամից էլ պակաս ժամանակում դիտել է 11 միլիոն մարդ, որոնցից շատերը հայտնել են իրենց աջակցությունը զինվորին։
Լունինը պնդել էր, որ ցանկանում է անձամբ հանդիպել Պուտինին՝ պատմելու ռուսական բանակում, իր խոսքով, տեղի ունեցող խախտումների, զինվորների նկատմամբ բռնությունների և «ինքնասպանական հրամանների» մասին։ Նա հայտարարել էր, որ եթե իրեն չտրամադրվի նման հնարավորություն, ապա «բանակը զենքը կուղղի Կրեմլի դեմ»։
Տեսաուղերձը լայն տարածում է գտել ռուսական Telegram-ալիքներում և սոցիալական ցանցերում՝ առաջացնելով բուռն քննարկումներ։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տեսաուղերձի հրապարակումից հետո իրավապահները խուզարկել են Լունինի բնակարանը, առգրավել համակարգիչներ և այլ էլեկտրոնային կրիչներ։ Ավելի ուշ դատարանը նրան ենթարկել է 11-օրյա վարչական կալանքի։
Դեպքին արձագանքել է նաև Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ տեսել է հրապարակումները, սակայն դրանք բնութագրել է որպես «տարօրինակ» և ասել, որ իրավիճակը պետք է ուսումնասիրվի։
Առայժմ հայտնի չէ, թե Լունինի նկատմամբ հետագայում քրեական գործ կհարուցվի, թե ոչ։ Ռուսական իշխանությունները դեռևս չեն հրապարակել նրա ձերբակալության բոլոր մանրամասները։
Աղբյուրներ՝ Reuters