Կառավարությունը կվերահսկի բոլորի հեռախոսները. ինչ է պետք իմանալ
Հայաստանում կարող է գործարկվել բջջային հեռախոսների IMEI կոդերի միասնական շտեմարան։ Կառավարությունը հունիսի 25-ի նիստում հավանություն է տվել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծին, որով նախատեսվում է ներդնել բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների (IMEI) միասնական շտեմարան և «կարգավորել հեռախոսների օրինական շրջանառությունը» Հայաստանում։
Հիմնավորման համաձայն՝ Հայաստանում IMEI կոդերի վերահսկողության բացակայությունը մի շարք ռիսկեր է ստեղծում, մասնավորապես՝ չմաքսազերծված, կեղծ կամ փոփոխված IMEI կոդերով բջջային հեռախոսների շրջանառություն, ինչը հանգեցնում է հարկային կորուստների, շուկայի մրցակցության խաթարման և տեխնիկական ու անվտանգության ռիսկերի աճի։


