Աղետ Թուրքիայում. պողպատի գործարանում տեղի ունեցած պայթյունը 10 մարդու կյանք է խլել
Թուրքիայի Իզմիր նահանգի Ալիաղա շրջանում գտնվող HABAŞ պողպատի գործարանում նոյեմբերի 9-ին տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով զոհվել է 10 աշխատակից, ևս 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Զոհերի և վիրավորների վերաբերյալ պաշտոնական տվյալները հայտնել է Իզմիրի նահանգապետ Սուլեյման Էլբանը։
Փրկարարական ծառայությունները շարունակում են որոնել ևս 4 աշխատակցի, որոնք, ըստ ենթադրությունների, գտնվում են փլատակների տակ։
Աղետը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 12:00-ի սահմաններում, ինչին հաջորդել է խոշոր հրդեհ։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել կրակը։
- Նահանգապետարանի նախնական վարկածով՝ պայթյունը կարող էր տեղի ունենալ հալված պողպատի ձուլման ժամանակ, երբ ամբարձիչը պոկվել և ընկել է էլեկտրաղեղային վառարանի մեջ։
- HABAŞ ընկերության պարզաբանմամբ՝ վթարը տեղի է ունեցել վառարաններից մեկի պլանային սպասարկման ընթացքում։
Դեպքի առթիվ Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը հայտնել է, որ Մենեմենի դատախազությունն արդեն քննություն է սկսել։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է չորս դատախազ, իսկ փորձագետները տեղում ուսումնասիրում են միջադեպի վայրը։


