Ով է Փաշինյանի սպանության նախապատրաստությունը պլանավորած անձը. ՔԿ
Բացահայտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստությունը պլանավորած անձի ինքնությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ավելի վաղ տեսագրություն էր հրապարակել, որում դիմակավորված 5 անձինք Արցախի բարբառով դիմում են Փաշինյանին` նշելով, որ նրա գտնվելու վայրերը գիտեն, վերահսկում են շարժը։ Փաշինյանը Երևանի Արաբկիր վարչական շրջանում անցկացվող քարոզարշավի ժամանակ անդրադարձավ այդ տեսագրությանը և հայտարարեց, որ այդ անձինք «փախած լակոտներ» են, ինքը բոլորին հայտնաբերելու է։
ՔԿ–ի հաղորդմամբ` փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թվականից օտարերկրյա պետությունում բնակվող Մ․Մ․-ն գործել է առնվազն 4 անձանց հետ խմբի կազմում։
«ՀՀ վարչապետի քաղաքական և պետական գործունեության կատարման հետ կապված, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ինքնությունը քողարկելու նպատակով ձեռք են բերել հանդերձանք և դիմակներ։ Հավաքել են ՀՀ վարչապետի գտնվելու վայրերի, քարոզարշավի երթուղիների վերաբերյալ տեղեկություններ՝ այդ կերպ նախապատրաստելով սպանությունը, որից հետո նշված հանդերձանքով և դիմակավորված, տեսաձայնագրել և տարածել են տեսաուղերձ՝ ուղղված ՀՀ վարչապետին, որի ընթացքում հնչեցրել են սպառնալիքներ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Քննչական կոմիտեն Մ․Մ․-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստությունը՝ կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական գործունեության կատարման հետ), 211-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը)։
Նրա վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում։
Հիշեցնենք` ՔԿ–ն պնդում էր, որ 2026 թվականի մայիսի 16-ին անհայտ անձինք որսացել են համակարգչային ցանցում պահվող, ընդհանուր օգտագործման համար չնախատեսված և համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տվյալը և ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետի նկատմամբ՝ նրա պետական և քաղաքական գործունեության հետ կապված, տարածել են սպանություն իրականացնելու իրական վտանգ պարունակող սպառնալիքի տեսանյութ։


