Մինչև 120 հազար դրամ բնակվարձի փոխհատուցում․ ում է հասանելի աջակցությունը
Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է բարձրացնել մշտական բնակության վայրից տարբերվող վայրում ծառայության նշանակված մաքսային ծառայողների բնակելի տարածքի վարձակալության ամսական փոխհատուցման չափերը՝ հասցնելով դրանք մինչև 120 հազար դրամի։ Այս մասին հայտնում է Iravaban.net-ը:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի N 2073-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում։ Փոփոխությունների նպատակն է բնակելի տարածքի վարձակալության համար տրամադրվող ամսական հատուցման չափերը համապատասխանեցնել անշարժ գույքի շուկայական գներին, ինչպես նաև վերանայել տեղափոխման ծախսերի փոխհատուցման կարգն ու սահմանել նոր պայմաններ։
Ըստ առաջարկվող նախագծի՝ փոխհատուցման չափը սահմանվելու է ըստ բնակավայրի և ընտանիքի անդամների թվի.
- Երևանում՝ մինչև 3 անդամ ունեցող ընտանիքին՝ 100,000 դրամ, 3 անդամից ավելի ունեցողին՝ 120,000 դրամ։
- Մյուս քաղաքներում՝ մինչև 3 անդամ ունեցող ընտանիքին՝ 72,000 դրամ, 3 անդամից ավելի ունեցողին՝ 96,000 դրամ։
- Այլ բնակավայրերում՝ մինչև 3 անդամ ունեցող ընտանիքին՝ 60,000 դրամ, 3 անդամից ավելի ունեցողին՝ 72,000 դրամ։
Փոխհատուցման գործող չափերը սահմանվել էին 2002 թվականին և դրանից հետո չէին վերանայվել։ Պետական եկամուտների կոմիտեի իրականացրած ուսումնասիրության համաձայն՝ մեկ քառակուսի մետր բնակելի տարածքի վարձակալության միջին արժեքը Երևանում կազմում է մոտ 4500 դրամ, մյուս քաղաքներում՝ 2000 դրամ, իսկ այլ բնակավայրերում՝ 1500 դրամ։ Օրինակ, 50 քառակուսի մետր մակերեսով բնակարանի վարձակալության միջին արժեքը Երևանում կազմում է շուրջ 225 հազար դրամ, մյուս քաղաքներում՝ 100 հազար դրամ, իսկ այլ բնակավայրերում՝ 75 հազար դրամ։
Առաջարկվող չափերը նախորդների համեմատությամբ ավելանում են չորս անգամ՝ առավելագույնս մոտեցվելով շուկայական ներկայիս պայմաններին, թեև դրանք կարող են ամբողջությամբ չծածկել վարձակալության փաստացի ծախսերը։
Փոխհատուցման տրամադրման պայմանները
Փոխհատուցում կարող է ստանալ այն մաքսային ծառայողը, ով պաշտոնի է նշանակվել իր մշտական բնակության վայրից տարբերվող մաքսային մարմնում։ Ծառայության վայրը համարվում է տարբերվող, եթե գտնվում է ծառայողի բնակության վայրից առնվազն 30 կմ հեռավորության վրա։ Մշտական բնակության վայր է դիտարկվում այն բնակելի տարածքը, որտեղ ծառայողը դիմում ներկայացնելու օրվան նախորդող շրջանում փաստացի բնակվել է նվազագույնը 183 օր։
Հաշվարկում ներառվելու են ծառայողի ընտանիքի հետևյալ անդամները.
- ամուսինը,
- զավակները (այդ թվում՝ որդեգրված),
- «Պետական նպաստների մասին» օրենքով ընտանիքի խնամառու անդամ ճանաչված այլ անձինք։
Մերժման հիմքերը
Փոխհատուցում կամ բնակելի տարածք չի տրամադրվի, եթե մաքսային ծառայողը կամ նրա ընտանիքի անդամները սեփականության իրավունքով ունեն բնակելի տարածք, որը գտնվում է համապատասխան մաքսային մարմնից մինչև 30 կմ հեռավորության վրա։
Դիմելու ընթացակարգը
Գումար ստանալու համար դիմումը ներկայացվում է Պետական եկամուտների կոմիտե՝ էլեկտրոնային կամ թղթային տարբերակով։ Դիմումին կից ներկայացվում են.
- ծառայողի և նրա հետ բնակվող ընտանիքի անդամների անձնագրերի պատճենները,
- խնամառու անդամ լինելու վերաբերյալ փաստաթղթերը (առկայության դեպքում),
- ամուսնության վկայականը,
- առնվազն 183 օր փաստացի բնակությունը հաստատող փաստաթղթերը,
- Կադաստրի կոմիտեի տեղեկանքը՝ նշված հեռավորության վրա սեփականության իրավունքով բնակարան չունենալու մասին։
ՊԵԿ-ը դիմումը քննարկում է մուտքագրումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում։ Ծառայողը պետք է տա գրավոր համաձայնություն, որպեսզի Կոմիտեն կարողանա հարցումներ ուղարկել իրավասու մարմիններին՝ տվյալների հավաստիությունը ստուգելու համար։ Տվյալների փոփոխության դեպքում ծառայողը պարտավոր է տեղեկացնել Կոմիտեին փոփոխության ամսվան հաջորդող ամսվա 10-ից ոչ ուշ։
Տեղափոխման ծախսեր և դադարեցում
Ծառայողական և անձնական գույքի տեղափոխման միանվագ փոխհատուցումը նախատեսվում է սահմանել յուրաքանչյուր կիլոմետրի համար 400 դրամ։ Գործող կարգով մինչև 100 կմ-ի համար հատկացվում է 20 հազար դրամ, իսկ 100 կմ-ից ավելի հեռավորության դեպքում՝ յուրաքանչյուր լրիվ կամ ոչ լրիվ 50 կմ-ի համար՝ 5 հազար դրամ։
Փոխհատուցման տրամադրումը դադարեցվում է հետևյալ դեպքերում.
- մաքսային ծառայողի պաշտոնից ազատվելը,
- փոխհատուցման իրավունքից գրավոր հրաժարվելը,
- տվյալ վայրում ծառայողի կամ նրա ընտանիքի անդամի կողմից սեփականության իրավունքով բնակարան ձեռք բերելը։
Պետական եկամուտների կոմիտեն իրավասու է տարեկան պարբերականությամբ հարցումներ կատարել պետական մարմիններին՝ ներկայացված տվյալների ճշտությունը ստուգելու նպատակով։
Հիշեցնենք, որ ներկայացված փաստաթուղթը կառավարության որոշման նախագիծ է։ Առաջարկվող փոփոխությունները կկիրառվեն սահմանված կարգով որոշման ընդունումից և պաշտոնական հրապարակումից հետո։ Նախագծի համաձայն՝ որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը


