Մոսկվան նախազգուշացրել է Երևանին գազի համաձայնագրի հնարավոր խզման մասին. «Կոմերսանտ»
Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը նամակ է ուղարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ նախազգուշացնելով հնարավոր միակողմանի քայլերի մասին՝ էներգետիկ համագործակցության ոլորտում։
Ըստ ռուսական «Коммерсант»-ի հրապարակման՝ նամակում նշվում է, որ Ռուսաստանը կարող է միակողմանի կասեցնել կամ դադարեցնել Հայաստան բնական գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի մատակարարման մասին 2013 թվականին ստորագրված համաձայնագիրը, եթե Հայաստանը շարունակի ԵՄ-ին ինտեգրման ուղղությամբ քայլերը։
Փաստաթղթում ընդգծվում է, որ ԵՄ-ի հետ համագործակցության խորացումը և անդամակցության ձգտումը կարող են վտանգել հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունները, որոնք, ըստ կողմի, ձևավորվել են երկարամյա գործընկերության և փոխշահավետ պայմանագրերի հիման վրա։
Համաձայնագրով Ռուսաստանը Հայաստան է մատակարարում էներգակիրներ ներքին սպառման պայմաններով, ինչպես նաև նախատեսված է, որ արտահանման մաքսատուրքեր չեն կիրառվում։ Միաժամանակ սահմանված է, որ վերաարտահանումը երրորդ երկրներ արգելված է։
Նշվում է նաև, որ համաձայնագրի հնարավոր դադարեցման դեպքում կարող են պահպանվել որոշ ֆինանսական պարտավորություններ՝ կապված նախկին մատակարարումների հետ։
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը նախկինում նույնպես հայտարարել էր, որ Հայաստանի հնարավոր մոտեցումը ԵՄ-ին կարող է մտահոգություն առաջացնել ԵԱՏՄ անդամ երկրների շրջանում։
Աղբյուրը՝ kommersant.ru


