«Փաշինյանին տապալելու ծրագիր». ո՞վ է կանգնած այս ամենի հետևում
Factor․am-ը գրում է՝
Хроника Кавказа անունով կայքը մայիսի 25-ին հրապարակել է հոդված, որտեղ պնդում է, թե իր ձեռքում հայտնվել են ռուսական հատուկ ծառայությունների գաղտնի փաստաթղթեր՝ կապված Հայաստանում 2026 թվականի ընտրությունների և քաղաքական գործընթացների վրա հնարավոր ազդեցության ծրագրերի հետ։ Ըստ կայքի՝ արտահոսքի աղբյուրը եղել է ՌԴ հետախուզության գործող աշխատակցի բջջային հեռախոսը, որը ենթարկվել է հաքերային հարձակման։
Factor TV-ն ուսումնասիրել է՝ որքանով են արժանահավատ այս պնդումները, ովքեր են կանգնած նորահայտ կայքի հետևում, և ինչպես է դրա բովանդակությունը տարածվել հայկական մեդիադաշտում։ Ի՞նչ է հրապարակել Хроника Кавказа-ն Կայքի աղմուկ հանած հրապարակումը վերնագրված է․ «Փաշինյանին տապալելու ծրագիր. Ռուսաստանի հատուկ ծառայությունների արտահոսած փաստաթղթերը՝ Հայաստանում իշխանափոխության մասին»։ Դրանում ներկայացվում են իշխանափոխության հնարավոր սցենարներ, ընտրազանգվածի «գունավոր քարտեզագրում», ինչպես նաև տարբեր ընդդիմադիր դերակատարների ու գործարարների հնարավոր դերերը 2026 թվականի ընտրություններում։ Հրապարակված «արտահոսած փաստաթղթերը» չորսն են․ «Փաշինյանի ալտերնատիվը»-խոսվում է Սամվել Կարապետյանի և Անդրանիկ Թևանյանի շուրջ նոր քաղաքական «հենման կենտրոն» ձևավորելու մասին, «Հայկական Ձմեռ պապը՝ ընդդեմ պրոթուրքական կեղծ Ռոբին Հուդի»- ներկայացվում են իշխանափոխության տարբեր սցենարներ, «Մայր Հայաստան»-ընդդիմադիր շարժման ուժեղացման ծրագիր, «Տեղեկատվական քարոզարշավների կոնցեպցիան»-տեղեկատվական արշավների համար անհրաժեշտ ռեսուրսների նկարագրություն և լրատվամիջոցների ցանկ։
Վերջին փաստաթղթում ներկայացված են նաև այն լրատվամիջոցները, որոնք նկարագրվում են որպես «лидеры общественного мнения», այսինքն՝ հասարակական կարծիքի ձևավորման առաջատարներ։ Սակայն ցանկում ներառված մի շարք կայքեր՝ orer.am, pressmedia.am, 1or.am, newsarm.live, oratert.am, press24.am, armenia24.live և այլք, լայն հանրային ազդեցություն կամ մեծ լսարան չունեն։ Իսկ 1lur․am և lraber.online կայքերն այս պահին ընդհանրապես չեն գործում։ Սա ևս հարցեր է առաջացնում հրապարակված «փաստաթղթերի» բովանդակության և դրանցում ներկայացված գնահատականների արժանահավատության վերաբերյալ։
«Արտահոսքի» իսկությունը չի հաստատվում Չնայած պնդումներին՝ Хроника Кавказа-ն չի ներկայացնում այնպիսի ապացույցներ, որոնք թույլ կտային հաստատել հրապարակված նյութերի իսկությունը։ Որպես «հիմնական ապացույց» կայքը ներկայացնում է Apple ընկերության նախազգուշացման նամակը, որն իբր ուղարկվել է հաքերային հարձակման ենթարկված աշխատակցի հաշվին։ Սակայն նման նախազգուշացումը կարող է միայն վկայել հաշվի հնարավոր կոտրման կամ կիբեռսպառնալիքի մասին։ Այն որևէ կերպ չի ապացուցում՝ որ հեռախոսը պատկանել է ՌԴ հատուկ ծառայության աշխատակցի, որ հրապարակված փաստաթղթերը իսկական են, որ դրանք առնչություն ունեն ռուսական հատուկ ծառայությունների հետ։ Բացի այդ, հրապարակված նյութերում բացակայում են իրական արտահոսքերին բնորոշ մի շարք կարևոր հատկանիշներ՝ ամբողջական փաստաթղթեր, գրանցման համարներ, ծառայողական նշումներ, ստուգելի մետատվյալներ կամ այլ տեխնիկական տվյալներ, որոնք հնարավոր կլիներ անկախ կերպով ստուգել։ Ուշադրության է արժանի նաև այն, որ հրապարակված նյութերի լեզուն և կառուցվածքը ավելի շատ հիշեցնում են քաղաքական կամ քարոզչական վերլուծություն, քան հատուկ ծառայությունների ներքին փաստաթղթեր։ Դրանցում հաճախ օգտագործվում են հրապարակախոսական և հուզական ձևակերպումներ, որոնք բնորոշ չեն պաշտոնական վերլուծական փաստաթղթերին։
Ովքե՞ր են Хроника Кавказа-ի հեղինակները Կայքը ներկայացնում է իր հեղինակներին որպես տարածաշրջանային քաղաքականության, կոնֆլիկտոլոգիայի և մարդու իրավունքների փորձագետներ։ Բացի այդ, պնդում է, թե տրամադրում է օբյեկտիվ և ստուգված տեղեկատվություն՝ բարդ թեմաները հասանելի դարձնելով ընթերցողին։ Կայքում նյութերի 2 հեղինակի անուն է նշվում՝ Թեյմուր Մամեդով (ադրբեջանական անուն և ազգանուն) և Տատյանա Իվանովա։ Արհեստական բանականության տարբեր դետեկտորներով մեր ստուգումը ցույց է տալիս, որ նշված 2 «հեղինակները» իրական չեն։ Ավելին, «Տատյանա Իվանովա»-ի լուսանկարը զետեղված է նաև թուրքական Magazete կայքում, որտեղ նա ներկայացվում է որպես շոու-բիզնես լուսաբանող լրագրող Զեյնապ Սանգու։
Ուշագրավ է նաև, որ Տատյանա Իվանովայի անունով կայքում որևէ հրապարակում ստորագրված չէ․ նյութերի մեծ մասի հեղինակը նշվում է կամ Թեյմուր Մամեդովը, կամ պարզապես Хроника Кавказа-ի խմբագրությունը։ Ինչպե՞ս տարածվեց կայքի բովանդակությունը հայկական մեդիադաշտում Մայիսի 24-ին հրապարակված «Փաշինյանին տապալելու ծրագիր. Ռուսաստանի հատուկ ծառայությունների արտահոսած փաստաթղթերը՝ Հայաստանում իշխանափոխության մասին» հոդվածը հայկական մեդիադաշտում լայն տարածում ստացավ արդեն հաջորդ օրը՝ մայիսի 25-ին։ Նշենք, որ Хроника Кавказа կայքի գործարկումից կարճ ժամանակ անց դրա հրապարակումներով սկսել է ակտիվ կիսվել հայկական տիրույթի խոշոր տելեգրամյան ալիքներից մեկը՝ Баграмян 26-ը։ Ալիքը ոչ միայն տարածել է Хроника Кавказа-ի նյութերը, այլև օգտատերերին հորդորել բաժանորդագրվել դրա Telegram ալիքին։ Хроника Кавказа-ից Баграмян 26-ում առաջին հրապարակումը հայտնվել է մայիսի 11-ին։ Ընդհանուր առմամբ, շուրջ 100 հազար հետևորդ ունեցող Баграмян 26-ում առկա է Хроника Кавказа-ի ավելի քան 200 հիշատակում և վերահրապարակում։
Баграмян 26-ում հաճախ հրապարակվում են գործող իշխանություններին աջակցող, նրանց դեմ ուղղված վտանգները ներկայացնող և ընդդիմությանը քննադատող նյութեր։ Դեռևս 2020 թվականին արված հրապարակումների համաձայն՝ ալիքի ադմինիստրատորներից մեկը Գոռ Ալեքսանյանն է, մյուսը՝ բլոգեր Ռոման Բաղդասարյանը։ Փաստացի, Баграмян 26 տելեգրամյան ալիքը կարևոր դեր է ունեցել Хроника Кавказа-ի բովանդակության տարածման և հայկական մեդիատիրույթում դրա առաջխաղացման գործում։
Սոցիալական հարթակներն ու նոր հրապարակումները Хроника Кавказа-ի սոցիալական հարթակները ստեղծվել են 2025 թվականի ապրիլին։ Կայքը գործում է շուրջ մեկ տարի և միջինում օրական հրապարակում է մոտ 6 նյութ, մինչդեռ դրա Telegram ալիքում միջինում օրական շուրջ 40 հրապարակում է արվում։ Կայքում առկա ակտիվ հղումները տանում են YouTube, Telegram, X և TikTok հարթակներ։ YouTube-ի էջում, մասնավորապես, տարածվում են ադրբեջանցի լրագրող Մեհման Հուսեյնովի ռուսերեն թարգմանված տեսանյութերը։ Հիշեցնենք՝ Հուսեյնովը 2017 թվականին Ադրբեջանում դատապարտվել էր «զրպարտության» հոդվածով։ Մայիսի 26-ին Хроника Кавказа-ում հրապարակվել է ևս մեկ հոդված՝ այս անգամ ընդդեմ «Նոր ուժ»-ի վարչապետի թեկնածու Հայկ Մարությանի։ Հոդվածում պնդում կա , թե նրա քարոզարշավը գաղտնի ֆինանսավորում է ռուսաստանաբնակ գործարար Արթուր Սողոմոնյանը։
Այս հրապարակման դեպքում ևս հեղինակները հղում են անում իրենց ձեռքում հայտնված «նոր ֆայլերին», սակայն չեն ներկայացնում անկախ ստուգման հնարավորություն տվող ապացույցներ։ Lori TV-ի արձագանքը Хроника Кавказа-ի հրապարակած փաստաթղթերից մեկում որպես ռուսական ազդեցության տակ գտնվող լրատվամիջոց նշվել էր նաև Lori TV-ն։ Factor TV-ի հետ զրույցում հեռուստաընկերության տնօրեն Նարինե Ավետիսյանը վրդովված հերքել է այդ պնդումները։
«Եթե ուսումնասիրեք մեր կայքը, դուք կտեսնեք՝ 80 տոկոսը մարզային տեղական կոնտենտ է։ Մենք գրեթե քաղաքական նյութեր չենք տալիս, այս նախընտրական շրջանում միայն քաղաքական գովազդ ենք դնում։ Իսկ այդ ռուսալեզու կայքի ո՛չ հիմնադիրներն են հայտնի, ոչ հետադարձ հասցե կա, որ կապվեմ, գործունեության վայր նշված չէ, կա մի հատ gmail-ով էլեկտրոնային հասցե, որին գրել եմ՝ արձագանք չկա։ Մինչդեռ՝ նորմալ լրատվամիջոցի դեպքում պետք է որ լինեին թափանցիկ խմբագրական տվյալներ։ Էլ չասած՝ նորմալ լրատվամիջոցը նախ՝ կապ կհաստատեր, կփորձել ճշտել իր հրապարակած տեղեկությունները, մի բան, որ չի արվել։ Վերստին նշեմ՝ այն ինչ գրված է այդ կասկածելի հարթակում, որեւէ առնչություն չունի մեր խմբագրության հետ եվ չի կարող ունենալ»,- եզրափակեց Նարինե Ավետիսյանը։
Կայքի հետագիծը Хроника Кавказа կայքը ստեղծվել է 2025 թվականի մայիսի 6-ին, հոսթինգը վճարված է երկու տարվա համար։ Սեփականատիրոջ տվյալները բաց չեն, իսկ իրական անձ կամ կազմակերպություն որպես պատասխանատու նշված չէ։ Կայքի սերվերային ենթակառուցվածքը ժամանակի ընթացքում փոփոխվել է․ սկզբնական շրջանում այն գործել է Լիտվայում տեղակայված սերվերի միջոցով, ապա տեղափոխվել Cloudflare ծառայության ներքո, ինչը թույլ է տալիս թաքցնել կայքի իրական սերվերի տվյալները։
Factor TV-ն փորձել է կապ հաստատել կայքի հետ՝ այնտեղ նշված էլեկտրոնային հասցեով, սակայն հրապարակման պահին պատասխան չի ստացել։ Այսպիսով՝ Хроника Кавказа-ի գործունեությունը հարցեր է առաջացնում թե՛ բովանդակության, թե՛ թափանցիկության, թե՛ տարածման մեխանիզմների առումով։
Կայքի հեղինակների ինքնությունը չի հաստատվում, հրապարակված «արտահոսած փաստաթղթերի» իսկությունը չունի անկախ հաստատում, իսկ դրանց տարածումը մեծապես իրականացվել է կոնկրետ Telegram ալիքների միջոցով։ Ամենակարևորն այն է, որ «ռուսական հատուկ ծառայությունների արտահոսած փաստաթղթերի» մասին հրապարակված պնդումները այս պահին չունեն անկախ հաստատում։ Ուստի դրանք չեն կարող ներկայացվել որպես ապացուցված փաստեր և պահանջում են լրացուցիչ, անկախ ստուգում՝ նախքան քաղաքական կամ հանրային գնահատականների հիմք դառնալը։ Եվգենյա Համբարձումյան


