Հայաստանի քաղաքացիների համար ՌԴ-ում գործող արտոնությունները կհանվե՞ն
MediaTime.am-ը գրում է.
Ռուսաստանի Պետդումայի փոխնախագահ Պյոտր Տոլստոյը հայտարարել է, որ Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստանում գործող մի շարք արտոնություններ կարող են վերանայվել կամ չեղարկվել, եթե Հայաստանը կորցնի «ռազմավարական դաշնակցի» կարգավիճակը։
Նրա խոսքով՝ ներկայում գործող երկարաժամկետ բնակության և աշխատանքի պարզեցված ռեժիմները հիմնված են այդ կարգավիճակի վրա։
«Եթե այդ կարգավիճակը չլինի կամ վերանայվի, ապա այդ արտոնությունները կչեղարկվեն, և Հայաստանի քաղաքացիները կանցնեն ընդհանուր միգրացիոն ռեժիմի», — նշել է Տոլստոյը Դումայում կայացած քննարկման ընթացքում։
Նա հավելել է, որ նման դեպքում Ռուսաստանի վերաբերմունքը կարող է փոխվել նաև Հայաստանի քաղաքացիների աշխատանքային և բիզնես գործունեության նկատմամբ, իսկ ԵԱՏՄ շրջանակում առկա որոշ առավելություններ նույնպես կարող են վերանայվել։
Տոլստոյի խոսքով՝ իրավիճակը կապված է քաղաքական հայտարարությունների և ռուս-հայկական հարաբերությունների ներկայիս լարված ֆոնին, իսկ վերջնական հետևանքների մասին պետք է մտածի նաև Հայաստանի հասարակությունը։


