Կապանի ընտրությունների առաջին արդյունքները․ Փարսյանի գլխավորած «Շանթ դաշինքն» առաջատար է
Կապանի համայնքապետ, «Շանթ դաշինքի» ընտրական ցուցակը գլխավորող Գևորգ Փարսյանը հրապարակել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների առաջին արդյունքները։ Հրապարակված տվյալների համաձայն՝ «Շանթ դաշինքն» առաջատար է բոլոր 23 ընտրատեղամասերում, որոնց արդյունքները ներկայացրել է համայնքապետը։ Նշենք, որ այս տվյալները հրապարակել է Փարսյանը, և դրանք դեռևս ԿԸՀ-ի պաշտոնական ամփոփ արդյունքները չեն։ Կապանի 23 ընտրատեղամասերի նախնական արդյունքները՝ – «Շանթ դաշինք» – 1 575 ձայն (87,31%) – «Քաղաքացիական պայմանագիր» – 211 ձայն (11,70%) – «Ապրելու երկիր» – 18 ձայն (1,00%) Տոկոսները հաշվարկվել են քաղաքական ուժերի ստացած ձայների հանրագումարի հիման վրա։ Կապան համայնքում ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ։ «Շանթ դաշինքի» ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Գևորգ Փարսյանը, «Քաղաքացիական պայմանագրինը»՝ Նարեկ Բաբայանը, իսկ «Ապրելու երկիր» կուսակցությանը՝ Տիգրան Աղասյանը։ 2026 թվականի սեպտեմբերի 17-ի դրությամբ համայնքն ունի 33 հազար 340 ընտրող։ Հիշեցնենք, որ Գևորգ Փարսյանն առաջին անգամ Կապանի համայնքապետ է ընտրվել 2018 թվականի հոկտեմբերի 21-ի ՏԻՄ արտահերթ ընտրություններում՝ ստանալով ձայների շուրջ 54,4%-ը։ Այդ ժամանակ էլ նրա հիմնական մրցակիցը Նարեկ Բաբայանն էր։ 2021 թվականի նոյեմբերի 14-ի՝ համամասնական ընտրակարգով անցկացված ընտրություններում ևս հաղթել էր Փարսյանի գլխավորած «Շանթ դաշինքը»։ ՔՊ-ի այս տարվա ցուցակը գլխավորող Նարեկ Բաբայանը նախկինում զբաղեցրել է Սյունիքի փոխմարզպետի պաշտոնը, իսկ 2022 թվականից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենների խորհրդի անդամ է՝ որպես ՀՀ կառավարությանը պատկանող բաժնետոմսերի լիազոր ներկայացուցիչ։ Ըստ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի՝ Բաբայանը մեկ տարվա ընթացքում ԶՊՄԿ-ից ստացել է 72 մլն դրամ աշխատավարձ՝ ամսական 6 մլն դրամ՝ ներառյալ հարկերը։


