Ահա թե ինչպես է Քիմ Քարդաշյանը օգնել մահապատժի դատապարտված կալանավորին
MediaTime-ը գրում է.
ԱՄՆ ռեալիթի շոուների աստղ և քրեական արդարադատության բարեփոխումների ակտիվ պաշտպան Քիմ Քարդաշյան-ը, ըստ տեղեկությունների, աջակցել է մահապատժի դատապարտված նախկին կալանավոր Ռիչարդ Գլոսիպի ազատ արձակմանը՝ վճարելով նրա 500.000 դոլար գրավը։
63-ամյա Գլոսիպը շուրջ 30 տարի անցկացրել էր Օկլահոմայի բանտում՝ 1997 թվականին մոթելի սեփականատեր Բերի Վան Թրիսի սպանության գործով։ Նա մշտապես հայտարարել է իր անմեղության մասին։ 2025 թվականին ԱՄՆ Գերագույն դատարանը չեղարկել էր նրա դատավճիռը՝ արձանագրելով, որ դատախազությունը թույլ է տվել կեղծ ցուցմունքների օգտագործում դատավարության ընթացքում։

Օկլահոմայի դատարանը որոշել է Գլոսիպին ազատ արձակել գրավի դիմաց, մինչ նոր դատավարության անցկացումը։ Գլոսիպի երկարամյա աջակից, պրոդյուսեր Սքոթ Բադնիկը հայտնել է, որ Քիմ Քարդաշյանը գրավը վճարել է անմիջապես այն սահմանվելուց հետո։ Նրա խոսքով՝ Քարդաշյանը տարիներ շարունակ պայքարել է Գլոսիպի ազատության համար։
Ազատ արձակվելուց հետո Ռիչարդ Գլոսիպը լրագրողներին ասել է, որ երախտապարտ է իր կնոջն ու փաստաբաններին՝ ընդգծելով, որ զգացմունքները «աննկարագրելի են»։
Գլոսիպի գործը տարիներ շարունակ մեծ հանրային ուշադրության կենտրոնում էր և աջակցություն էր ստացել նաև դերասանուհի Սյուզան Սարանդոնից։ Նրա պատմության մասին 2017 թվականին նկարահանվել էր նաև «Killing Richard Glossip» վավերագրական ֆիլմը։
Աղբյուր՝ The Independent


