ՌԴ-ում 14․000 ուղևոր մնացել է օդանավակայաններում. 80 չվերթ հետաձգվել է
Ռուսաստանի հարավային օդանավակայաններում գործունեության դադարեցման պատճառով առնվազն 14,000 ուղևոր սպասում է թռիչքների, հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ATOR):

Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ի դրությամբ ավելի քան 80 չվերթ արդեն հետաձգվել կամ չեղարկվել է:
Իրավիճակն առավել կրիտիկական է Սոչիում, որտեղ նոր սահմանափակումները սրել են վերջին երկու օրերի ընթացքում թռիչքների ժամանակացույցի զգալի խափանումները:
Ասոցիացիան հայտարարել է, որ հետաձգված չվերթների թիվը կաճի առաջիկա ժամերին։
«Աերոֆլոտ» ավիաընկերության արտադրական և հաճախորդների սպասարկման ծառայություններն անցել են աշխատանքային ուժեղացված ռեժիմի: Միջոցառումները կապված են Ռուսաստանի հարավային օդանավակայանների աշխատանքի դադարեցման պատճառով չվերթերի հետաձգման և չեղարկման հետ: Այս պահին թռիչքի սպասող ուղևորներին սպասարկում է տրամադրվում ՌԴ դաշնային ավիացիոն կանոնների համաձայն:
Հիշեցնենք, որ վրջին մեկ օրվա ընթացքում Մոսկվայի վրա անօդաչուների հարձակումը դարձել է տարվա սկզբից ի վեր ամենամասշտաբային գրոհներից մեկը: Այս մասին են վկայում ՏԱՍՍ-ի հաշվարկները, որոնք հիմնված են Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրապարակած տվյալների վրա:


