Զգուշացեք. Ինչու է «Վայլդբերրիզը» անսպասելի կերպով գնորդներից գումարներ գանձում

Hraparak.am-ը գրում է

Մի քանի օր է՝ «Վայլդբերրիզ» օնլայն խանութի հայաստանյան գնորդները ֆեյսբուքում համատարած դժգոհում են, թե «Վայլդբերրիզը» իրենց քարտերից  ավելորդ գումար է գանձում՝ այն դեպքում, երբ որևէ ապրանք չեն պատվիրել: Քաղաքացիներից  գանձված գումարի չափերը տարբեր են ՝ 500 դրամից մինչև 30 հզր: Մի քանիսը մեզ հետ զրույցում ասացին, որ դիմել են բանկ, պահանջել քաղվածք, որով համոզվել են, որ գումարը հենց «Վայլդբերրիզ»-ն է գանձել, դիմում -հայտ են ներկայացրել:

Մինչդեռ «Վայլդբերրիզ»-ը  կատարվածի առնչությամբ որևէ բացատրություն չունի: Սպասարկման կետերից մեկում մեր հարցմանն ի պատասխան՝ աշխատակցուհին ասաց, թե վերջին շրջանում նմանատիպ բողոքներ իրենք ստացել են, փորձել հասկանալ խնդիրն ինչումն է, եւ ուսումնասիրելով հավելվածի ֆինանսական բաժինը՝ կարծես թե համոզվել են, որ , ինչպես հաճախորդներն են պնդում, ավելորդ գումար չեն գանձում, այլ  դրանք   ժամանակին ծրագրային սխալի պատճառով առաջացած  չգանձված գումարներն են։ Ինչ ծրագրային խնդրի մասին է խոսքը , պարզաբանում են․ «Հնարավոր է՝ ապրանքը պատվիրելիս ցույց է տվել, որ գումարը գանձվեց, բայց իրականում գործարք չի կայացել եւ գումար չի գանձվել, հիմա այդ գումարներն են գանձում» :

Սակայն նկատենք, որ գնորդները վստահեցնում են, որ ապրանքը պատվիրելիս, գումարն անմիջապես դուրս է գրվում հաշվեհամարից, ստացվում է՝ եթե անգամ ծրագրային թյուրիմացություն է, այս դեպքում  մեկ ապրանքի համար վճարում են կրկնակի, չէ որ պատվիրման պահին նույնպես գումարը գանձվել է:

Անգամ շրջանառվում է տեսակետ, թե այժմ «Վայլդբերրիզը» գումար է գանձում  նախկինում ռուսական հասցեով  էժան պատվերներ անելու դիմաց: Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս է՝ հայաստանցիներին այլևս ռուսական տարբերակով «Վայլդբերրիզից» գնում անել չի հաջողվում: Ռուսական հասցեից օգտվելիս ապրանքը գրեթե 50 տոկոս էժանանում էր: Հայ առևտրականների բողոքից հետո փակվեց այդ հնարավորությունը հայաստանցի սպառողի առջև: «Վայլդբերրիզ»-ը ներողություն խնդրեց եւ նշեց, որ դա ընդամենը ծրագրային խնդիր էր, իրենց ծրագրավորողներն արդեն կարգավորել են խնդիրը, այսուհետ հայ սպառողը միայն հայաստանյան հասցեով կկարողանա պատվեր կատարել:
Ի վերջո, ինչու է նման խոշոր ընկերության մոտ առաջացել լուրջ ծրագրային խնդիր: Եւ ինչու հենց հայաստանյան օգտատերերից է համատարած գումար գանձվում :

Փորձեցինք պարզել ծրագրավորողներից, արդյոք ռուսական տարբերակից օգտվելու հետևանքն է, որ հիմա հաճախորդների «քթից են բերում» եւ  հնարավոր է՝  նախկին շահավետ գնումների համար հետհաշվարկ են իրականացրել:

«Իմ վստահ կարծիքն է, որ ռուսական հասցեով կատարված պատվերներն այստեղ առհասարակ կապ չունեն։ Սա կա՜մ ծրագրային սխալ է, կա՜մ ժամանակին չգանձված գումարների գանձում։Ինչու եմ ընդգծում , քանի որ հետհաշվարկ անել ապրանքների գներ, որոնց մեծ մասն արդեն իսկ հայաստանյան շուկային անհասանելի է, գրեթե անհնար է: Հաքերական հարձակումը նույնպես բացառվում է  նման խոշոր ընկերության դեպքում: Անհատական դեպքեր , այո, եղել են, բայց դա հենց հաճախորդի անզգուշության հետ է կապված եղել, երբ քարտի տվյալներն ինչ-որ տեղ բաց է եղել: Բայց այս դեպքում, անգամ քարտային տվյալները  համակարգից ջնջելը չի օգնում, շատերից գանձել են  այն դեպքում, երբ քարտի տվյալներն արդեն իսկ հեռացված են եղել:Անկախ ջնջելու փաստից՝ «Վայլդբերրիզը»  իր հաճախորդների քարտային տվյալներն արդեն իսկ իր բազայում ունի, սա նշանակում է, որ խնդիրը զուտ ծրագրային է»,-մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց  ՏՏ ոլորտի մասնագետը:

146 Views
Կիսվիր ընկերների հետ
Ավելացնել մեկնաբանություն