Ամասիայի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 66,8%
Շիրակի մարզի Ամասիա համայնքում անցկացված ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ձայների 66,8%-ը։ Այս մասին հայտնել է ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։ Ամասիա համայնքում ընտրություններին մասնակցել է երկու քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Բարոյական արժեքներ» կուսակցությունները։ Համայնքն ունի 5751 ընտրող։ ՔՊ-ի ընտրական ցուցակը գլխավորում է 76-ամյա Ջեմմա Հարությունյանը, որը համայնքը ղեկավարում է 2016 թվականից։ Ավելի վաղ նա հայտնել էր, որ ՔՊ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել։ Հարությունյանը 2017 թվականի ԱԺ ընտրություններում ընդգրկված է եղել ՀՀԿ-ի համապետական ընտրական ցուցակում՝ 181-րդ համարով, ինչպես նաև Շիրակի թիվ 11 տարածքային ընտրական ցուցակում։ 2021 թվականի ՏԻՄ ընտրություններում Հարությունյանը գլխավորել էր «Ամասիա-Արփի» դաշինքի ընտրական ցուցակը։ Դաշինքը կազմված էր «Ազատություն» և «Համերաշխություն» կուսակցություններից։ «Բարոյական արժեքներ» կուսակցության ընտրական ցուցակն այս ընտրություններում գլխավորում է Սամվել Ղարիբյանը։ Կուսակցության թեկնածուներից որևէ մեկի հայտարարագիրը ԿԸՀ կայքում հրապարակված չէր։ Հիշեցնենք, որ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ Ամասիայում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 75,66%-ը։ Համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացրած համայնքներից մասնակցության ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Ամասիայում և Սևանում։ Ալեքսանյանի հրապարակած արդյունքները նախնական են։


