Մեծամորի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 85%-ը
Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում անցկացված ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Այս մասին հայտնել է ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։ Նրա հրապարակած նախնական տվյալների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» – 85%, «Հայ հեղափոխական դաշնակցություն» – 15%։ Մեծամոր համայնքում ՏԻՄ ընտրություններին մասնակցել է երկու քաղաքական ուժ։ Համայնքն ունի 55 հազար 266 ընտրող։ ՔՊ-ի ընտրական ցուցակը գլխավորում է համայնքի ղեկավարի տեղակալ Սարգիս Արշակյանը։ Ցուցակում ընդգրկված է նաև գործող համայնքապետ Էդգար Հովհաննիսյանը։ ՀՅԴ-ի ընտրական ցուցակը գլխավորում է Մեծամորի ավագանու ՀՅԴ խմբակցության ղեկավար Արամայիս Մխիթարյանը։ Հիշեցնենք, որ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ Մեծամորում արձանագրվել է նոյեմբերի 29-ին ՏԻՄ ընտրություններ անցկացրած 12 համայնքներից մասնակցության ամենացածր ցուցանիշը՝ 37,21%։ Ալեքսանյանի հրապարակած տվյալները նախնական են։


