Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
Նոյեմբերի 27-ին Տավուշի մարզի Ոսկեպար բնակավայրի «Ձիանու ուրթ» կոչվող խոտհարքներում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ՇՄՆ Էկոպարեկային ծառայությունը։ Նշվում է, որ ծառայության Տավուշի մարզային վարչության աշխատակիցները հրդեհը նկատելուց անմիջապես հետո ձեռնամուխ են եղել կրակի տարածումը կանխելու և այն մարելու աշխատանքներին։ Հրդեհը տարածվել էր «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Նոյեմբերյանի և Սևքարի անտառտնտեսությունների անտառային տարածքներին հարակից հատվածում։ Էկոպարեկներին հաջողվել է կանխել կրակի ներթափանցումը անտառային տարածքներ։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր։ Նոյեմբերի 28-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, հրդեհն ամբողջությամբ մարվել է։ Հրդեհի հետևանքով այրվել է շուրջ 2.5-3 հեկտար չոր խոտածածկ տարածք, ինչպես նաև տարածքում գտնվող չոր խոտի դեզերը։


