Արցախը, Վանը, Մուշը կուզենք, բայց ինչպե՞ս կռվենք․ մի կողմում՝ 90 միլիոն թուրք, մյուսում՝ 10 միլիոն ադրբեջանցի, մենք՝ 3 միլիոն հայ․ Փայլան
Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, հայազգի քաղաքական գործիչ Կարո Փայլանը Ղազարյանին տված հարցազրույցում անդրադարձել է տարածքային պահանջներին, հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններին։
Ղազարյանն իր հերթին անդրադարձել է տարիներ շարունակ հասարակության շրջանում ձևավորված պատկերացումներին՝ Մեծ Հայքի, Ղարաբաղի և Նախիջևանի վերաբերյալ։
«Այդ դեպքում Ադրբեջանը կասի՝ Սյունիքը մերն է, Թուրքիան կասի՝ մեկ այլ տարածք մերն է։ Եվ այս հակամարտությունները ո՞ւր կտանեն մեզ։ Արցախը կուզենք, Վանը, Մուշը կուզենք, այդ ինչպե՞ս, պետք է կռվենք, չէ՞։ Այս ամենի համար ինչպե՞ս պետք է կռվենք։ Մենք շանս ունե՞նք։ 90 միլիոն թուրք մի կողմում է, մյուս կողմում՝ 10 միլիոն ադրբեջանցի, այս կողմում՝ 3 միլիոն հայ։ Ո՞վ է մեզ օգնելու, Ֆրանսիա՞ն է գալու մեզ համար կռվի»,– ասել է Փայլանը։
Ի պատասխան Ղազարյանի հեգնանքին, թե Ռուսաստանը կգա և կկռվի, Փայլանն ասել է. «Ռուսաստանը դեռ տարիներ առաջ մեզ դավաճանեց։ Մենք սպասում էինք, որ մեզ պետք է թուրքից փրկի»։
«Վատ անցյալ ենք ունեցել, ցեղասպանություն ենք տեսել։ 100 հազար ադրբեջանցի ժամանակին լքել է իր բնակավայրը, իսկ 2020 թվականին արցախցիները լքեցին իրենց տարածքը։ Հայաստանը միայն քարտեզի վրա է փոքր երևում, բավականին մեծ է, և եթե նույնիսկ 10 միլիոն հայ վերադառնա այս երկիր, բոլորին տեղ կա։ Հետևաբար՝ տարածքային ակնկալիքներ չպետք է ունենանք»,- նշել է Փայլանը։


