Արմավիրում մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել
Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի կամրջի մոտ ոստիկանները մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացին զանգահարել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ նշված վայրում զենք-զինամթերք է թողել։
Դեպքի վայր մեկնած ոստիկանները հայտնաբերել են ջնջված համարներով երեք ինքնաձիգ, 11 հրացան, վեց ատրճանակ, երեք նռնակ, ավելի քան հազար փամփուշտ և այլ զինամթերք։
Ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը՝ հիշեցնելով, որ օրենքով նախատեսված դեպքերում այն կամավոր հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։


