Հայաստանն առաջիկա տարիներին կհրաժարվի ռուս սահմանապահներից․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հայեցակարգային հարցեր։
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել Սահմանապահ ծառայության կարողությունների հետագա զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը և օպերատիվ կառավարման կատարելագործմանը՝ հաշվի առնելով միջազգային փորձը։
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն առաջիկա տարիներին պետք է ամբողջությամբ ստանձնի սեփական սահմանների պաշտպանության պատասխանատվությունը։
«ՌԴ սահմանապահներին մենք շնորհակալ ենք այս ընթացքում ՀՀ սահմաններին կանգնելու համար, սակայն կարծում եմ, որ եկել է ժամանակը, որ մենք մեր սահմանի պատասխանատվությունն ամբողջովին առաջիկա տարիներին պետք է վերցնենք մեզ վրա»,- ասել է վարչապետը։


