Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսի եղբայրը որդի է ունեցել և նրան անվանակոչել զոհված եղբոր անունով. հավերժ փառք ու խոնարհում մեր հերոսներին
Երեկ՝ նոյեմբերի 25-ին, ժամը 09։25-ի սահմաններում Երևանում լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում հերոսի մահով հանուն հայրենիքի իր կյանքը զոհաբերած Արթուր Կիրակոսյանի եղբոր որդին՝ Արթուր Վահե Կիրակոսյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փոքրիկը, ով կրում է հանուն հայրենիքի կյանքը զոհաբերած հորեղբոր անունը, ծնվել է «Բեգլարյան» բժշկական կենտրոնում։ Առաջիկա օրերին նա դուրս կգրվի բժշկական կենտրոնից։
Այսպիսով, Արթուր Կիրակոսյանի անունը շարունակելու է ապրել նաև նոր սերնդի մեջ։ Հերոսի եղբոր ընտանիքում ծնված փոքրիկը կրելու է նրա անունը՝ դառնալով եղբոր անմահ հիշատակի խորհրդանիշը։
Հերոս Արթուր Հայկի Կիրակոսյանի կենսագրությունը
Արթուր Հայկի Կիրակոսյանը ծնվել է 1999 թվականի օգոստոսի 19-ին՝ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում։
Ավարտելով ավագ դպրոցի 12-ամյա կրթության տնտեսագիտական հոսքը՝ ընդունվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի՝ «Հացի, հրուշակեղենի և մակարոնի տեխնոլոգիա» բաժինը։
Երկու տարի սովորելուց հետո՝ 2019 թվականի հունվարին, զորակոչվել է ժամկետային զինվորական ծառայության և ծառայության անցել Արցախում՝ Հադրութում։
2019 թվականի հունիս-օգոստոս ամիսներին մասնակցել է Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում անցկացվող սերժանտական դասընթացներին։
2020 թվականի սեպտեմբերի 27-ից մասնակցել է 44-օրյա պատերազմին։
Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Հադրութ քաղաքի պաշտպանության մարտերում։
Հերոսների անունները չեն մոռացվում։ Դրանք ապրում են սերնդեսերունդ։
Հավերժ փառք ու խոնարհում մեր հերոսներին։


