Ակնկալում ենք մինչև 2027-ի կեսը լիովին ավարտել վիզաների ազատականացման գործընթացի գնահատման առաջին փուլը․ ՆԳ նախարար
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն Ազգային ժողովում հայտնել է, որ մինչև 2027 թվականի կեսը ամբողջովին ավարտված կլինի ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի գնահատման առաջին փուլը։
Նախարարը նշում է, որ գնահատումն ունի երկու փուլ։ Առաջին փուլը ենթադրում է ընդունել Գործողությունների ծրագրով ակնկալվող օրենսդրական կարգավորումները, քաղաքականության փաստաթղթերն ու ռազմավարական ծրագրերը։
Իսկ երկրորդ փուլում գնահատվելու է վերոնշյալի գործնական իրականացումը։
Հավելենք նաև՝ Արփինե Սարգսյանը ընդգծել է, որ ընթացիկ աշխատանքների առաջնահերթություններից է սահմանների համալիր կառավարումը։ Նա նաև հավաստիացրեց, որ եվրոպացի գործընկերների հետ քննարկումներում բարձրացվում են այդ ոլորտին առնչվող տարբեր հարցեր, իսկ դրանց լուծումը ակնկալում է մի քանի գերատեսչության համատեղ աշխատանք։


