Ավտովթար Կոտայքի մարզում․ «Mitsubishi»-ն «Բեկոն»-ի մոտ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Toyota»-ին, առաջ ընթացել և կողաշրջվել․ կա վիրավոր․ օպերատիվ են գործել Բյուրեղավանի շտապօգնության բժիշկները և Կոտայքի պարեկները.
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Կոտայքի մարզի վարչական տարածքում «Բեկոն» մսամթերքի գործարանի մոտ բախվել են «Mitsubishi» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Բախման հետևանքով էլ «Mitsubishi»-ն կողաշրջվել է, կոտրվել է նաև «Mitsubishi»-ի առջևի անվահեծաններից մեկը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։
Պարեկները սահմանազատել են տարածքը։
Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը բաժնի պետի տեղակալ Տիգրան Բաղյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Toyota»-ն ճանապարհի թույլատրելի հատվածում եղել է կայանված, երբ «Mitsubishi»-ն դեպի Երևան ընթանալիս բախվել է «Toyota»-ին, մոտ 20 մետր առաջ գնացել և կողաշրջվել։
Վիրավորին էլ հիվանդանոց են տեղափոխել Բյուրեղավանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները։
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


