ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դուք է՞լ եք այս ամիս ջրի վարձը կրկնակի վճարել
https://youtu.be/LsgV52ydLco?si=3LAck-l0kSJwDlj72000 դրամի փոխարեն՝ 4500, 5000-ի փոխարեն՝ 12 հազար դրամ։ Քաղաքացիները ահազանգում են, որ այս ամիս ջրի վարձը սովորականից մի քանի անգամ ավելի բարձր է եկել։
Մեզ դիմած քաղաքացիներն ասում են, որ ջրաչափի ցուցմունքը գրանցելու համար տեսուչներն իրենց տուն չեն գալիս։ Բայց ամսվա վերջին նրանցից մեծ գումարներ են պահանջում։ Քաղաքացիներից մեկն էլ պատմել է, որ այդ ամիս տանը չեն եղել, ջուր չեն օգտագործել, բայց ամսվա վերջին պարտք են ունեցել։ Մարդիկ չեն հասկանում՝ որտեղի՞ց են առաջանում այդ գումարները։
Խնդիրը բարձրաձայնել է նաև հեռուստամեկնաբան Դավիթ Գրիգորյանը։ Նրա հրապարակումից հետո բազմաթիվ քաղաքացիներ մեկնաբանություններում ներկայացրել են իրենց դեպքերը։
«Այս ամիս մեզ էլ են շատ գրել։ Միշտ եղել է 4000-5000 դրամ, այս ամիս՝ 7500»։
«Մշտապես 4000 դրամ է եղել, արդեն երրորդ ամիսն է՝ 12-13 հազար դրամ է գալիս»։
Նմանատիպ հազարավոր մեկնաբանություններ։ Այս ամենը պարզելու համար հարցումով դիմեցինք Վիոլլա ջուր ընկերությանը։
«Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ ջրաչափերի ցուցմունքների գրանցման գործընթացում «Վեոլիա Ջուր» ընկերությունը խստորեն առաջնորդվում է «Ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման կանոնների» (ՋՄՕԿ) 96-րդ, 97-րդ և 98-րդ կետերի պահանջներով։
Ինչ վերաբերում է համացանցում տարբեր օգտատերերի գրառումներին, այն բաժանորդային քարտերը, որոնք հնարավոր է եղել նույնականացնել, խնդիրներ չեն հայտնաբերվել։ Միևնույն ժամանակ չենք բացառում, որ առանձին դեպքերում կարող են լինել սխալմունքներ, որոնք Ընկերությունը մշտապես պատրաստակամ է ուսումնասիրել և հիմնավոր լինելու դեպքում ճշգրտել։
Չնայած բազմաթիվ բողոքներին՝ «Վեոլիա Ջուրը» շարունակում է պնդել, որ համատարած խնդիր չկա։ Բայց այս անգամ խոսքը մեկ կամ երկու սխալմունքի մասին չէ, այլ հազարավոր։
Հարցին անդրադարձել է նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Հանձնաժողովից քաղաքացիներին հորդորում են ջրածախսի հետ կապված բողոքները ներկայացնել պաշտոնական կարգով՝ նշելով բաժանորդի անունը, ազգանունը, հասցեն և բաժանորդային քարտի համարը։
Դիմումները կարելի է ուղարկել psrcinfi@psrc.am
էլեկտրոնային հասցեին կամ ներկայացնել էլեկտրոնային հարցումների միասնական հարթակով։
Քաղաքացիներին հորդորում են բողոքներն ուղարկել պաշտոնական ձևով, որպեսզի հնարավոր լինի ուսումնասիրել յուրաքանչյուր դեպք ու պարզել արդյոք ճիշտ է հաշվարկվել ջրածախսը թե ոչ։
Իսկ ձեր ջրի վարձն այս ամիս որքա՞ն է կազմել։


