Ալեն Սիմոնյանը՝ արտահերթ ընտրությունների մասին
Իրենցից ոչինչ կախված չէ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք սահմանադրական հանրաքվեի անցկացումը կախված է ընդդիմության դիրքորոշումից։
Սիմոնյանի խոսքով՝ երբ իշխանությունն առաջարկ է ներկայացնում, չի բացառում, որ այն կարող է չընդունվել։
«Իմանալով մեր ընդդիմության որակը, մտածելակերպը՝ ես ասել եմ, որ իրենք այնքան չեն մտածում, որ կարող են չհամաձայնել ու ևս մեկ անգամ իրենց պարտության մատնել։ Նոր ընտրություններ կանենք և կգնանք նրանց ջախջախելու։ Նոր ընտրություններ անցկացնելու ի՞նչ խնդիր ունենք։ Ոչ մի։
Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Կգնանք ժողովրդի մոտ և կասենք՝ ահա, խաղաղություն է, մնացել է վերջին քայլը, վերջին էջը։ Եկեք մեկընդմիշտ փակենք այդ էջը, որպեսզի այլևս ոչ մի երեխա չզոհվի, որևէ օտարերկրյա գործակալ չփորձի իր անձնական շահերն առաջ տանել, և որևէ օլիգարխ չազդի այդ գործընթացի վրա։
Ժողովուրդը կքվեարկի՝ փառք Աստծո, չի քվեարկի՝ կհեռանանք»,- հայտարարել է Սիմոնյանը։
Լրագրողի հարցին, թե արդյոք արտահերթ ընտրությունների անցկացումն ավելի իրատեսական տարբերակ են համարում, Սիմոնյանը դրական է պատասխանել։
«Այո՛, որովհետև գիտեմ մեր ընդդիմության մտածելակերպը։ Նրանց յուրաքանչյուր քայլը հանգեցնելու է իրենց իսկ պարտությանը»,- նշել է Սիմոնյանը։


