Թրամփը չի բացառում Իրանի դեմ նոր հարվածները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի շտապում որոշում կայացնել Իրանի դեմ հետագա ռազմական գործողությունների վերաբերյալ։ Axios-ի փոխանցմամբ՝ նա հարցը հետաձգել է մինչև 2027 թվականի սկիզբը՝ միաժամանակ չբացառելով Իսրայելի հետ համատեղ նոր հարվածների հնարավորությունը։
«Ես չեմ շտապում Իրանի վերաբերյալ որևէ որոշում ընդունել։ Կտեսնենք, թե ինչ կլինի տարեսկզբից հետո»,- ասել է Թրամփը՝ Չինաստանից ԱՄՆ վերադառնալիս՝ Air Force One ինքնաթիռում Axios-ին տված հեռախոսային հարցազրույցում։
Որոշման հետաձգումը տեղի է ունենում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Իրանի դեմ ռազմական գործողություններն ընդլայնելու ճնշման ֆոնին։
Axios-ի աղբյուրների համաձայն՝ Վաշինգտոնը դիտարկում է ծովային շրջափակման և տնտեսական ճնշման շարունակման տարբերակը՝ հույս ունենալով, որ Թեհրանը կգնա զիջումների։ Այդ մոտեցմանը կողմ են նաև Թրամփի մի շարք խորհրդականներ և Պարսից ծոցի երկրների ղեկավարներ։
Միաժամանակ ԱՄՆ նախագահը չի բացառում ռազմական գործողությունների ավելի վաղ մեկնարկը։ Հնարավոր թիրախների թվում են Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտները, կամուրջները, էլեկտրակայանները և ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։
Աղբյուրների փոխանցմամբ՝ Սպիտակ տունը Պենտագոնին և հետախուզական կառույցներին հանձնարարել է գնահատել Իրանի հնարավոր պատասխան գործողությունները՝ հատկապես Պարսից ծոցի երկրների նավթագազային ենթակառուցվածքների դեմ հնարավոր հարվածների ռիսկը։
Իրանի դեմ նոր գործողությունների քննարկման ֆոնին Իսրայելը նաև մտահոգություն է հայտնել Իրանի՝ քիմիական զենքի ոլորտում ենթադրյալ հետազոտությունների վերաբերյալ։ Այս հարցը Վաշինգտոնում քննարկել է նաև «Մոսադի» ղեկավար Ռոման Գոֆմանը՝ ամերիկացի պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում։


