Խնդիրը հրատապ է և պահանջում է անհետաձգելի լուծում
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Արսեն Լեվոնյանը զգուշացնում է.
Հայաստանում բջջային օպերատորների կողմից նախկինում օգտագործված հեռախոսահամարների կրկնակի վաճառքը լուրջ վտանգներ է ստեղծում քաղաքացիների համար։
Խնդիրն այն է, որ վաճառքի հանվող որոշ հեռախոսահամարներ նախկինում օգտագործվել են խարդախությունների, կեղծ հաշիվների ստեղծման կամ այլ հանցավոր սխեմաների շրջանակում։
Քաղաքացին գնում է նոր հեռախոսահամար՝ չիմանալով դրա նախկին պատմությունը։ Հենց համարն ակտիվանում է, սկսվում են խնդիրները, քաղաքացին ստանում է կասկածելի զանգեր, հաղորդագրություններ, սպառնալիքներ կամ նախկին բաժանորդին հասցեագրված պահանջներ։
Արդյունքում անմեղ քաղաքացին հայտնվում է մի իրավիճակում, որի հետ որևէ առնչություն չունի։
Սա պարզապես տեխնիկական խնդիր չէ։ Սա քաղաքացիների անվտանգության և անձնական տվյալների պաշտպանության լուրջ խնդիր է։
Հրապարակային կոչ եմ անում Հայաստանի բջջային կապի երեք օպերատորներին՝ Viva-ին, Ucom-ին և Team Telecom Armenia-ին, ինչպես նաև ՀՀ իրավասու պետական մարմիններին՝ անհապաղ վերանայել նախկինում օգտագործված հեռախոսահամարների կրկնակի վաճառքի ընթացակարգերը։ Խնդիրը հրատապ է և պահանջում է անհետաձգելի լուծում։
Պահանջում եմ պատասխանատու մոտեցում, թափանցիկություն և քաղաքացիների անվտանգության ապահովման գործուն քայլեր։
Այս խնդիրը պետք է լուծվի հիմա, ոչ թե այն ժամանակ, երբ ավելի շատ քաղաքացիներ են տուժում։


