Մեկ ժամից ավելի բուժօգնություն չի ստացել»․ ուշագրավ մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից
Նուբարաշեն» ՔԿՀ-ում Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել։ Տուժող կողմն առայժմ զերծ է մնում գնահատականներից, պետք է նախ պարզել՝ ով ինչ էր պարտավոր անել, որ չի արել, ինչից հետո միայն հնարավոր կլինի խոսել՝ անփութության կամ դիտավորության մասին, սակայն, փաստաբան Հովսեփ Սարգսյանն ընդգծում է՝ այն, որ Արսեն Գևորգյանը ավելի քան մեկ ժամ պատշաճ բժշկական օգնություն չի ստացել՝ փաստ է։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի քաղաքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 20 օր կալանքի տակ գտնվելուց հետո նոյեմբերի 10-ի առավոտյան մահացել է, ըստ նախնական տվյալների, սրտի կաթվածից։ Փաստաբան Հովսեփ Սարգսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է, որ անգամ ՔԿԾ տարածած տվյալներով առաջնորդվելու դեպքում՝ ավելի քան մեկ ժամ բուժօգնություն չի ստացել, մինչ այդ խցակիցները դուռը պարբերաբար ծեծել են, որ հսկիչին կանչեն, որ կարողանա մոտենալ, տևական ժամանակ՝ մինչև վատ զգալը։
«Բացի այդ, ՔԿԾ տարածած տեղեկատվության՝ 07։25 են առաջին ժամը նշում, հետո նշում են 08։30-08։49-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրասրտագրության սարքին միացնելու ընթացքում արձանագրվել է մահը։ Այսինքն՝ դա ենթադրում է, որ Արսեն Գևորգյանն արդեն եղել է մահվան պրոցեսի մեջ, գտնվել է նախաինֆարկտային վիճակում, եթե պատշաճ բժշկական օգնություն ստանար, ապա նման վիճակի մեջ չէր հայտնվի։ Այս պահին նշանակված է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարակից այլ փորձաքննություններ ևս կան, փորձաքննությունների տվյալները կգան, միջնորդություններ կներկայացնեմ վարույթն իրականացնող մարմնին, որ հանեն տեսախցիկների ձայնագրությունները, որոնք ՔԿԾ-ն տարածել է, դրանք պետք է համադրել և համեմատել խցակիցների ցուցմունքների հետ՝ արդյոք համապատասխանում են, թե ոչ, որովհետև ՔԿԾ հայտնած տվյալներն իրենով իսկ հակասությունների մեջ է գտնվում»,- ասել է Հովսեփ Սարգսյանը։
Փաստաբանն ուշադրությունը հրավիրել է այն հարցի վրա, թե արդյոք ՔԿՀ-ում չպետք է լինի համապատասխան բժշկական ծառայություն, այսօր ՔԿՀ-ներում բժշկական ծառայության հարցն իրականացնում է առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ը, այս դեպքում հարց է առաջանում՝ ինչու ՊՈԱԿ-ը համապատասխան ծառայություն չի ունեցել կամ համապատասխան բժիշկ չի եղել, որ հետևեն, ի վերջո, այդքան կալանավորներ կան, որոնք առողջական խնդիրներ ունեն։
«Երևի յուրաքանչյուրն առողջական խնդիրներ ունեն։ Եթե ազատության մեջ մարդիկ հիվանդանում, հետո են դիմում բժշկական օգնության, ապա ՔԿՀ-ներում անձանց շրջանաը շատ նեղ է, կանխատեսելի է նրանց առողջական վիճակը, օրինակ, նախապես պաշտպանության կողմը կամ համապատասխան փաստաթղթերով փաստվում է, որ այս կամ այն կալանավորն ունի որոշակի հիվանդություն։ Այդ հիվանդությունների առկայությունները պետք է թե՛ առողջապահության նախարարության ՊՈԱԿ-ին, թե ՔԿԾ-ին՝ ունենալ հերթապահ բուժքույրեր, համապատասխան բժիշկներ, ոչ թե՝ բուժակներ»,- պնդել է Սարգսյանը՝ հիշեցնելով, որ Արսեն Գևորգյանի դեպքում բուժակն ինչ-որ ներարկում է կատարել, արդյո՞ք բուժակն իրավունք ուներ ներարկում կատարելու, ներարկումն արդյոք պատճառաբանված է եղել կամ որևէ կերպ անհրաժեշտ է եղել, արդյոք դա կարող էր ազդել, մահվան պատճառ չի դարձել․
«Սրանք են կարևոր հանգամանքները, որոնք հստակեցման, քննության կարիք ունեն։ Եթե լիներ համապատասխան բժշկական ծառայություն, ապա բժիշկը պատշաճ ձևով կարող էր ասել, որ անձն ունի այս կամ այն խնդիրները, ինչ բժշկական օգնության կարիք ունի՝ սրտաբանական, ուրոլոգիական։ Վերջին հաշվով գործ ունենք հիվանդության նկարագրության հետ, անձը, ով վատ է զգացել իրեն, որոշակի գանգատներ է ներկայացրել։ Իհարկե տարածել են, որ Արսեն Գևորգյանը սրտի խնդիր չի ունեցել, բայց այստեղ հարցը վերաբերում է ոչ միայն նրան, այլ բոլոր կալանավորներին և ՔԿՀ-ում համապատասխան բժշկական ծառայություն ունենալու հանգամանքին»,- հավելել է փաստաբանը։
Փաստաբանի խոսքով՝ պետությունն ունի պոզիտիվ պարտականություն՝ կալանավորի առողջական սպասարկումն, առողջության հետ կապված հարցերն անմիջապես լուծելու համար, որովհետև Սահմանադրությամբ և Բժշկական օգնության մասին օրենքով անձին պարտավոր են ապահովելու համապատասխան բժշկական օգնությամբ։
«Պետությունը իր տրամադրության տակ ունենալով և պատասխանատվություն կրելով կալանավորի կյանքի և առողջության համար՝ պարտավոր է ապահովելու այդ բոլոր ծառայությունների աշխատանքն այն հաշվարկով, որ հնարավորինս մաքսիմալ արագությամբ բժշկական օգնությունն ապահովվի, ինչը չի արվել Արսեն Գևորգյանի դեպքում։ Մարդը վատ է զգացել ու մեկ ժամից ավել բուժօգնություն չի ստացել, շտապօգնություն են կանչել, շտապօգնություն է՝ կարող է ճանապարհին վթարի ենթարկվել, ինչ պետք է արվի։ Ծառայությունը պետք է լիներ, աշխատեր․․․ գուցե այնպիսի միջոցառումներ իրականացվեր ինտենսիվ թերապիայի հետ կապված և նրա կյանքը հնարավոր լիներ փրկել, բայց ունենք այն, ինչ ունենք՝ տակավին երիտասարդ մարդը, լինելով կալանքի տակ, պետությունը չի կարողացել իր հոգածությունը տանել, ինչի հետևանքով անձը մահացել է։ Ընդ որում, կալանքն էլ արդարացված չէր․․․»,- նշել է փաստաբանը՝ հավելելով, որ այլ հարց է, որ ֆորսմաժորային իրավիճակ լիներ, անհնարինություն լիներ, բայց սա լրացուցիչ կարևոր ազդակ է, ի վերջո, կալանավորների շրջանում մահացության մակարդակը մեծացել է՝ հենց բժշկական օգնության հետ կապված։
Նրա խոսքով՝ անձի նկատմամբ կալանք խափանման միջոցը, եթե կիրառվում է, դա խափանման միջոց է, ոչ թե պատիժ, մինչդեռ, Գևորգյանը կալանավորվել է այն 14 անձանց հետ միասին, որոնք ենթադրաբար իբրև ընտրակաշառք էին բաժանել, ընդ որում, քննիչը, ով միջնորդություն էր ներկայացրել Արսեն Գևորգյանին երկու ամսով կալանավորելու համար, ընդամենը 15 օրում նախաքննությունն ավարտել ու գործն ուղարկել է դատարան։
«Այսինքն՝ քննիչն ի սկզբանե գիտի, որ առնվազն 15-օրյա ժամկետում կարող է գործի քննությունն ավարտել, կանխատեսելի է դա, բայց երկու ամիս ժամկետով կալանքի միջնորդություն է ներկայացնում դատարան, դատարանն էլ թեթևորեն բավարարում է այդ ամեն ինչը, դրա անհրաժեշտությունն արդյո՞ք հիմնավորել էր քննիչը, որ դատարանն էլ բավարարել է»,– եզրափակել է փաստաբան Հովսեփ Սարգսյանը։


