Հանրային տրանսպորտի հսկիչներն ի՞նչ իրավունքներ ունեն. կարո՞ղ են ստուգել ուղևորին, տուգանել կամ ստիպողաբար իջեցնել տրանսպորտից
Երևանի հանրային տրանսպորտում ուղեվարձը չվճարելու կամ վճարման կրիչը չվավերացնելու համար ուղևորը կարող է տուգանվել 10 000 դրամով։ Հսկիչները կարող են՝
- ստուգել վճարումը,
- տեսանկարահանել,
- պարզել ուղևորի ինքնությունը,
- դիմել ոստիկանություն։
Սակայն օրենքով նախատեսված նրանց լիազորությունների մեջ ուղևորին ստիպողաբար տրանսպորտից իջեցնելը նշված չէ։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, այս հարաբերությունները կարգավորվում են «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 11.1-ին հոդվածով և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 137.9-րդ հոդվածով։
Ո՞վ կարող է ստուգել ուղեվարձի վճարումը
Օրենքի 11.1-ին հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ հսկողությունն իրականացնում են համայնքի ղեկավարի լիազորած՝ համայնքի աշխատակազմի պաշտոնատար անձինք կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի աշխատակիցները։ Այսինքն՝ ուղեվարձը ստուգելու իրավունք չունի ցանկացած անձ, որը ներկայանում է որպես հսկիչ։
Երևանում 137.9-րդ հոդվածով նախատեսված գործերը քննելու և տուգանք նշանակելու լիազորությունը Երևանի քաղաքապետի N 1393-Ա որոշման մեջ 2025 թ.-ի հուլիսի 21-ի N 2893-Ա որոշմամբ կատարված լրացմամբ վերապահվել է քաղաքապետարանի աշխատակազմի Հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցներին։ Նրանց ցուցակը ներկայացված է որոշման հավելվածում։
Ի՞նչ պետք է անի ուղևորը
Օրենքի 11.1-ին հոդվածի 9-րդ մասով ուղևորը պարտավոր է տրանսպորտային միջոց մուտք գործելուց անմիջապես հետո, բայց ոչ ուշ, քան մեկ րոպեի ընթացքում, վավերացնել վճարման կրիչը, պահպանել այն մինչև ուղևորության ավարտը և հսկիչի պահանջով ներկայացնել։ Սա վերաբերում է նաև թղթային և էլեկտրոնային կտրոններին։ Միայն վճարելը բավարար չէ։
Կարո՞ղ են հսկիչները տեսանկարահանել ուղևորին
Այո։ Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ հսկիչները կարող են տեսանկարահանել, լուսանկարահանել և ձայնագրել, այդ թվում՝ ենթադրյալ իրավախախտում կատարած անձի ինքնությունը պարզելու համար։
Կարո՞ղ են պարզել ուղևորի ինքնությունը կամ դիմել ոստիկանություն
Ըստ 11.1-ին հոդվածի 10-րդ մասի՝ վճարման միջոց չունեցող անձին նույնականացնելու համար հսկիչները կարող են, այդ թվում՝ դիմապատկերով նույնականացման միջոցով, տեղեկություն ստանալ բնակչության պետական ռեգիստրից։ Եթե անձը հրաժարվում է նույնականացվելուց, նրանք կարող են դիմել ոստիկանություն, իսկ եթե նույնականացումը տեղում հնարավոր չէ, օրենքը նախատեսում է անձին ոստիկանություն տեղափոխելու հնարավորություն։ Սա չի նշանակում, որ հսկիչը կարող է կամայականորեն սահմանափակել ուղևորի տեղաշարժը։
Կարո՞ղ են ստիպողաբար իջեցնել տրանսպորտից
11.1-ին հոդվածը հսկիչներին վերապահում է վճարման կրիչը ստուգելու, անձին նույնականացնելու և ոստիկանության աջակցությանը դիմելու լիազորություններ։ Ուղևորին սեփական նախաձեռնությամբ տրանսպորտից իջեցնելու կամ դա պարտադրելու լիազորություն այդ հոդվածում նախատեսված չէ։
Որքա՞ն է տուգանքը
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 137.9-րդ հոդվածով՝
- 10 000 դրամ՝ ուղեվարձը չվճարելու կամ վճարման կրիչը չվավերացնելու համար,
- 15 000 դրամ՝ այլ անձի համար նախատեսված արտոնությունից օգտվելու համար,
- 3 000 դրամ՝ եթե ունեք անսահմանափակ ուղևորությունների փաթեթ կամ անվճար երթևեկելու արտոնություն, բայց չեք վավերացրել վճարման կրիչը։
Ինչպե՞ս բողոքարկել տուգանքը
Նույն օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ 137.9-րդ հոդվածով ընդունված որոշումը դատարանում կարելի է վիճարկել միայն վարչական կարգով բողոքարկելուց հետո։ 288-րդ հոդվածի համաձայն՝ բողոքը ներկայացվում է որոշումը ստանալու կամ հանձնված համարվելու օրվանից 30 օրվա ընթացքում։
Ամփոփում
Ամփոփելով՝ հսկիչները կարող են ստուգել վճարումը, տեսանկարահանել, նույնականացնել ուղևորին և դիմել ոստիկանություն, իսկ ուղեվարձը չվճարելու համար տուգանքը 10 000 դրամ է, որը կարելի է բողոքարկել 30 օրվա ընթացքում, – տեղեկացնում է Iravaban.net-ը։
Թե ինչու են Երևանում աշխատանքից ազատվել երկու հսկիչ, կարդացեք այս նյութում։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։


