ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվան հորդորում է չայցելել, ռուսները շարունակում են գալ Հայաստան
Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը գերազանցել է 2 միլիոնը և շարունակում է աճել։
Ամենամեծ հոսքը կրկին Ռուսաստանից է։ Այդ երկրից Հայաստան է եկել 817 հազար 412 զբոսաշրջիկ՝ ընդհանուր այցելությունների շուրջ 40 տոկոսը։ Երկրորդ տեղում Վրաստանն է, իսկ երրորդում՝ Իրանը՝ 163 հազար 482 զբոսաշրջիկով։
Սակայն Ռուսաստանից հնչում են մտահոգություններ․ Հայաստանում ձերբակալվում են Ռուսաստանի քաղաքացիներ։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանի քաղաքացիներին Հայաստանում ներկայացվող մեղադրանքները հաճախ իրականության հետ որևէ կապ չունեն։
«Ռուսաստանի քաղաքացիները չպետք է դառնան քաղաքական իրավիճակի պատանդ», – հայտարարել է Զախարովան։
Ավելի վաղ այս հարցին անդրադարձել էր նաև Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ Ռուբեն Ռուբինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում նա հայտարարել էր, որ եթե Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալությունները շարունակվեն, Ռուսաստանը իր քաղաքացիներին խորհուրդ կտա ձեռնպահ մնալ Հայաստան այցելելուց։
Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության տվյալներով՝ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում այս պահին գտնվում է 461 օտարերկրյա քաղաքացի։
Նրանց թվում ամենամեծ թիվը Իրանի քաղաքացիներինն է՝ 135 մարդ։ Հաջորդում են Ռուսաստանի քաղաքացիները՝ 73, ապա Հնդկաստանի քաղաքացիները՝ 55։ Նրանց մի մասն ունի նաև երկքաղաքացիություն։
Չնայած Ռուսաստանից հնչող հայտարարություններին՝ ռուս զբոսաշրջիկները շարունակում են այցելել Հայաստան։ Այս պահին պաշտոնական հայտարարությունների ազդեցությունը զբոսաշրջային հոսքերի վրա դեռ տեսանելի չէ։


