ԲԴԽ-ն դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկեց անձեռնմխելիությունից
Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) բավարարել է Գլխավոր դատախազության միջնորդությունները՝ դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկելով անձեռնմխելիությունից և նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տվել։
Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը չէր հրապարակել դատավորների անհատականացնող տվյալները՝ պատճառաբանելով նախաքննության գաղտնիության, ինչպես նաև դատական իշխանության ու դատավորի հեղինակության պահպանման անհրաժեշտությունը, սակայն «Ազատության» տեղեկություններով՝ գործը վերաբերում է հենց Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին։
- Մասիս Մելքոնյան – Հայտնի է մի շարք հնչեղ և քաղաքական երանգ ունեցող գործերով կալանքի որոշումներով։ Նրա որոշումներով տարբեր ժամանակներում կալանավորվել են ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանը, գեներալ Տիրան Խաչատրյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:
- Գևորգ Պողոսյան – Դատավոր է նշանակվել 2021 թվականին։ Մինչ այդ աշխատել է դատական համակարգում՝ որպես դատավորի օգնական, այդ թվում՝ Վերաքննիչ քրեական դատարանում։


